Հայոց լեզվի ժամանակակից վիճակը պայմանավորված է մեր այսօրվա հանրային կյանքի և ազգային գիտակցության ընդհանուր մշակութաբանական դրվածքով: Ակնհայտ է, որ որակներն աղետալիորեն ընկած են ամենուր, ինչն անմիջականորեն արտացոլվում է լեզվի վիճակի ընդհանուր դրվածքի վրա:

Լեզուն հանրության բարեկրթության և զարգացվածության առաջին ցուցիչն է: Ինչպիսին լեզվի հանդեպ վերաբերմունքն է, այդպիսին էլ պետության ընդհանուր մշակութային քաղաքականությունն է: Ի՞նչ է կատարվում մեր աչքի առջև: Ամեն կերպ ոտնահարվում են ՀՀ–ում պետական լեզու հռչակված և պետական հովանավորություն վայելող գրական հայերենի իրավունքները: Հայտնվեցին մարդիկ, ովքեր գրավոր (մամուլում, գրքերում) և բանավոր (եթերում) հայտարարեցին, որ գրական հայերենը մեռած լեզու է: Այսինքն, նրանց համար գրական հայերենը՝ որպես գրի ու հաղորդակցության միջոց, արդեն գրաբար է, իրենք էլ, իբր, մի նոր միջին հայերենի կամ մի նոր աշխարհաբարի հետևորդներ են:

Այս մտայնությունը հիմքից իսկ շինծու է, չի բխում լեզվի զարգացման պատմական օրինաչափություններից, այսինքն, հակաբնական ու հակագիտական է, այդ իսկ պատճառով՝ անընդունելի, ուստի՝ պետք է մերժվի և ստանա իր հակահարվածը: Իսկ ինչ ենք անում հակահարված տալու փոխարեն…

Այս օրերին շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման մի նախագիծ, որի համաձայն՝ նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզի պետական տեսչությունը, ինչպես նաև՝ կրթության պետական տեսչությունը: Իսկ որն է նման որոշման թիվ մեկ հիմնավորումը... որքան էլ որ զարմանալի չհնչի, պարզվում է՝ Լեզվի մասին օրենքում ընդհանրապես ոչ մի դրույթ չկա վերահսկողության մասին:

Հարց է առաջանում՝ լեզվի պետական տեսչությունը այսքան տարիներ ապօրինի՞ է գործել: Այն, որ սույն կառույցը չի ծառայել իր բուն նպատակներին, դա առավել քան ակնհայտ է: Դրա վառ ապացույցը հայոց լեզվի բարձիթողի վիճակն է եթերում, երբ պարզապես ապշում ես, թե ինչպիսի մակարդակի կարող է հասնել սեփական լեզվամշակույթի հանդեպ անտարբերությունը:

«Լեզվի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունները որոշ առումով հստակեցումներ բերեցին: Առաջին եւ գլխավոր խնդիրը, որ վերջին մեկ տարում դրված էր Լեզվի պետական տեսչության առջեւ, օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններն էին, որ թույլ կտային տեսչության գործունեությունը հնարավորինս արդյունավետ կազմակերպել: Թվում էր, թե ռեսուրսներն էին բավարար, թե ցանկությունն էր առկա, սակայն հայոց լեզվի պահպանման ոլորտում դրական տեղաշարժերի այդպես էլ ականատես չեղանք: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ պետական ֆինանսներից աշխատավարձ եւ այլ գումարներ ստացող պետական ծառայողների անգործունեությունը եւս մտնում է «կոռուպցիա» հասկացության մեջ: Սակայն այս պարագայում էլ պատկան մարմինների արձագանքը պասիվ էր և ոչ համաչափ:

Թերևս, նրանք դեռ չեն գիտակցել, որ Մաշտոցի գերեզմանին ծաղիկներ դնելով՝ մայրենի լեզվի խնդիրները չեն լուծվի, այս ոլորտում դեռ բազմաթիվ խնդիրներ կան, դրանք են՝ կրթության դաստիարակության լեզուն գրական հայերենը լինելու հանգամանքը, ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանության խնդիրը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում մայրենի լեզվի գերակա դիրքի ապահովումը, գործավարության լեզուն հայերեն լինելու հանգամանքը և այլն:

Հասարակությունը վաղուց է փաստել այն, որ սույն տեսչությունը չի իրականացնում այն խնդիրը, որն իր առջև դրված է: Դրա համար, ըստ պատկան մարմինների, պետք է ստեղծվի նոր կառույց՝ այլ գործիքներով, և իրականացնի այլ գործառույթ: Թե ինչպիսի արդյունավետությամբ կգործի այս նոր կառույցը կարելի է միայն կռահել: Սակայն այն, որ պետական լեզվական քաղաքականության բացերը պետք է օր առաջ շտկվեն՝ դա աներկբա է: 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ