ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում հայտարարեց, որ Կառավարությունը վերջերս ստացել է առաջարկություն՝ միջազգային ճանաչում և հռչակ ունեցող կինոռեժիսոր և սցենարիստ էրիկ Մաքենզիից՝ ՀՀ-ում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ:
Ըստ կառավարությանը հասցեագրված առաջարկության՝ այդ դպրոցը կհանդիսանա Լոս Անջելեսում գտնվող կինոյի դպրոցի գործընկեր:
Հայտնի սցենարիստի առաջարկի համաձայն՝ ՀՀ-ում բացվող դպրոցը երեք տարվա ընթացքում ձեռք կբերի կինոարտադրության համար համապատասխան ողջ տեխնիկան Լոս Անջելեսից և այլ երկրներից:
«Նա պատրաստվում է հոլիվուդյան բրենդը բերել Հայաստան և մինչև հինգ միլիոն դոլարի ներդրում անել: Ուստի՝ հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ ուսումնասիրել այս առաջարկությունը և Մաքենզիին հրավիրել Հայաստան՝ համագործակցության համար»:
Աղավնի Սուքիասյան