Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, շարունակում է Ազատության հրապարակում նստացույց իրականացնել: ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Շահենը և իր ընկերները նստացույցը սկսել էին մարտի 16-ից՝ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան օրվանից:

 

Ի՞նչ էին նրանք պահանջում.

Պահանջում էին պատժել Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղավորներին, պահանջում էին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանի, դատավոր Արթուր Մկրտչյանի հրաժարականները: Նստացույցի մասնակիցները պահանջում էին «Հաց բերողին» հուղարկավորել Եռաբլուրում, սակայն դա տեղի չունեցավ: Ի դեպ. երեկ, հուղարկավորության ժամանակ՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ Արթուր Սարգսյանին վերջնական ամփոփեն Եռաբլուրում: 

 

Ի՞նչ են այսօր պահանջում.

Ազատության հրապարակում պայքարող ցուցարարների պահանջներից այսօր մնացել է միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջը, քանի որ, ըստ նրանց՝ դատախազն անմիջական դերակատարում է ունեցել Սարգսյանի կալանավորման գործում: 

 

Պայքարը շարունակում են.

«Հաց բերողի» համակիրները հոգեհանգստի արարաղության և հուղարկավորության օրերին որևէ քայլ չկատարեցին՝ հարգելով Սարգսյանի հիշատակը: Այսօրվանից՝ նրանք նորից սկսում են պայքարել և պահանջել պատժել «Հաց բերողի» մահվան բոլոր մեղավորներին: 

 

«Անցավ երկու օր, մենք պահպանեցինք լռության օր, ոչ մի ակցիա չիրականացրեցինք: Ի դեպ՝ այսօր մեր տուն երեք վճիռ է եկել քաղաքապետարանից՝ փողոցները փակելու վերաբերյալ: Ձեզ բոլորին հորդորում եմ՝ ձեր սրտի վիշտն ու ցավը դարձնել ուժ և համբերությամբ, ամեն օր՝ 18:00-ին դուրս գալ Ազատության հրապարակ և պայքարել»,- նշեց Շահեն Հարությունյանը: 

 

Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է մահացել Արթուր Սարգսյանը.

«Հաց բերողը» մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ մարտի 16-ին, վիրահատությունից ժամեր անց`սիրտ-անոթային անբավարարությունից, թոքերի տոտալ այտուցից: Նկատի ունենալով, որ նյութերում առկա են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ենթադրյալ ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: