Այսօր՝ մարտի 23-ին, «ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կարող է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար. վտանգները, հետևանքները: Ինչ քայլեր պիտի ձեռնարկի հայկական կողմը» թեմայով հանդիպմանը, տեսակետ հայտնեց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ կլինի, երբ ազգությամբ թուրք Փոլադ Բյուլբյուլօղլին նշանակվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար և ինչո՞ւ բանը հասավ սրան:

 

«Ինչո՞ւ նրանք ակտիվ աշխատեցին և հասան սրան, որովհետև մենք պասիվ աշխատեցինք: Մեր դիվանագիտությունը շատ վատ է աշխատել: Մոսկվայում ունեցել ենք դեսպաններ, որոնք միայն իրենց բիզնեսն են արել, հարստացել ու գնացել Ամերիկա, Եվրոպա: Ոչ մեկի մոտ հայրենասիրություն չկա, կա անձնական շահ»։

 

Ֆերդինանդ Առաքելյանը հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս կարելի է տգետներին նշանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար. «Հարկավոր է դիմել աշխարհին: Համոզված եմ՝ ամբողջ Եվրոպան կմիանա մեզ»։

 

Բանասեր Ազատ Եղիազարյանը վստահ չէ, որ սրա դեմը կարող ենք առնել. «Ադրբեջանն ունի Եվրոպայի աջակցությունը: Չպետք է հարևանի հետ պատերազմի մեջ գտնվող երկրի քաղաքացուն այդպիսի պաշտոն տալ։ Նա ոչինչ չի արել հայկական խաչքարերը ոչնչացումից փրկելու համար: Արտաքին գործերի նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի և զբաղվի սրանով»։