ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստում հանձնարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ տասնօրյա ժամկետում, որպես պիլոտային ծրագիր՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել իրենց գերատեսչության տեսլականը՝ սահմանամերձ համայնքների ճանապարհների խնդիրները լուծելու վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարեց ակտիվացնել ճանապարհաշինարարական աշխատանքներն ու խոշոր ճանապարհային ծրագրերում ներդրումների ներգրավելու ուղղությամբ ծրագրեր ներկայացնել:
Կառավարության ղեկավարն իր դժգոհությունն արտահայտեց ճանապարհաշինարարության շատ դանդաղ տեմպերի առնչությամբ: «Ժամը հինգից հետո պերեկուր են անում, աշխատող չկա: Ամեն օր գնացել նայել եմ, ժամը հինգից հետո էդ կամուրջների վրա մարդ չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց էդ պայմանագիրը նենց արեք, որ մենք հետևենք: Կոշտ, շատ կոշտ վերաբերվել այս հարցին: Մարզպետները շատ, չափազանց կոշտ իրենց տարածքներում պետք է խնդիրը դնեն»,- շեշտեց վարչապետը:
Կառավարության հաջորդ հանձնարարականը վերաբերում էր Դավիթ Լոքյանի ղեկավարած գերատեսչությանը: Վարչապետը վերջինիս հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ընտրել համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը և դրանց վերաբերյալ քննարկում անել կառավարության աշխատակազմի հետ։
Վարչապետը նշեց, որ բոլոր մարզպետները ռեգիոնալ կառավարման թեմայով համապատասխան դասընթաց են անցնելու Հայաստանի Ամերիկյան համալսարանում։
Աղավնի Սուքիասյան