Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Ղազախստանի հավաքականի դեմ կայանալիք խաղի մասին:
-Մարկոս, ի՞նչ կարծիք ունես ղազախական ֆուտբոլի մասին:
-Ես շատ զարմացած էի ղազախական ֆուտբոլի մակարդակից, երբ նոր էի տեղափոխվել այնտեղ: Ղազախստանում կային 4-5 իրապես ուժեղ թիմեր, որոնք ունեին բոլոր պայմանները բարձրակարգ ֆուտբոլիստներ և մարզիչներ հրավիրելու համար: Այնպես որ, իմ կարծիքով, մակարդակը բավականին բարձր է, հատկապես առաջնության երկրորդ հատվածում, երբ լավագույն 6 թիմերը մրցում են միմյանց հետ: Ինձ թվում է՝ «Աստանան» ապացուցեց, որ ակումբային ֆուտբոլի մակարդակը Ղազախստանում բավականին բարձր է՝ երկու տարի անընդմեձ նվաճելով համապատասխանաբար Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային մրցաշարերի ուղեգիր:
-Ղազախստանի ներկայիս հավաքականում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց հետ խաղացել ես:
-Իհարկե կան: Միայն 5 ֆուտբոլիստ, ում հետ խաղացել եմ «Ակտոբեում», կարծում եմ, հիմա էլ կլինեն կազմում: Դրական կողմն այն է, որ ես գիտեմ նրանց հնարավորությունները, բայց նրանք էլ իմ կարողություններին են ծանոթ: Ես կարծում եմ նրանցից Ստաս Պոկատիլովը, Յուրի Լոգվինենկոն և Սերգեյ Զինչենկոն կարող են խաղալ մեր դեմ:
- Ի՞նչ սպասելիքներ ունես մոտակա խաղից:
- Ինձ համար շատ հետաքրքիր կլինի նրանց դեմ խաղալը, քանի որ Ղազախստանում լավ ժամանակահատված եմ ունեցել և գիտեմ ֆուտբոլիստներից շատերին: Բացի դրանից, Չեռնոգորիայի հետ հանդիպումից հետո սա առաջին խաղն է: Մենք շատ մոտիվացված ենք և ցանկանում ենք կրկին ցուցադրել մեր լավագույն խաղը: Մենք խաղում ենք տանը, և Արթուր Պետրոսյանը նույնպես ուզում է վերադարձնել մեր հավաքականի լավագույն խաղը: Կարծում եմ՝ Ղազախստանն արդեն ապացուցել է, որ ուժեղ թիմ է՝ նախորդ խաղում ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Լեհաստանի հավաքականի հետ: Ինձ թվում է, որ փոքր մանրուքները կարող են որոշիչ դառնալ ղազախների հետ դիմակայությունում: