Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբի աշխատակիցները լուրջ ուսումնասիրել են «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի հրապարակած ձայնագրությունները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նա ձայնագրությունների վերաբերյալ ասաց, որ չի լսել դրանք։ «Իմ գործընկերները լուրջ ուսումնասիրել են այդ ձայնագրությունները և արդեն համապատասխան հայտարարությունը տարածել են։ Քաղաքական ուժերը, ովքեր լուրջ մասնակցում են ընտրություններին, բնականաբար որոշակի կազմակերպչական աշխատանք կատարում են՝ կողմնակիցներ, թվաքական, կոնտակտներ և այլն։ Այս ամենը մեկ բառով կարելի է անվանել ցուցակագրում։ Այդ բառը ասելիս անմիջապես պատկերացնում ենք վարչական ռեսուրսի չարաշահում, բայց առաջին հերթին դա կազմակերպչական աշխատանք է, որը կատարում են բոլոր քաղաքական ուժերը»,- ասաց Նաղդալյանը։
Նրա պնդմամբ՝ նախկին հնարավորությունները՝ վարչական ռեսուրս օգտագործել, մարդուն ստիպել քվեարկել այսպես կամ այնպես, քվեաթերթիկը դուրս հանելը, նկարելը, ապացուցելը վերացել է նոր ընտրական օրենսգրքի հիման վրա։
Նա շեշտեց, որ որևէ տնօրեն՝ լինի դպրոցի, թե մանկապարտեզի, եթե ցանկանա «արջի ծառայություն» մատուցել, գործընթացը վերահսկել հնարավոր չէ։ «Որևէ մեկը չի կարող ստուգել և համոզվել, թե ինչպես ընտրեցիք։ Ընտրությունը չի կարող նկարահանվել։ Այս տարվա ընտրական փոփոխությունների շնորհիվ ոչ մի քաղաքական ուժ չի կարող վերահսկել, ար դյոք այն անձը ում նա ընտրակաշառք է տվել հենց իր օգտին է քվեարկել, թե ոչ։ Եթե ուզում են իրենց գումարները ջուրը գցել, ապա կարող են շարունակել բաժանել կաշառքները, միևնույնն է, վերահսկում իրականացնելն անհնար է»,- ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը մարտի 24-ին հրապարակել է հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակն ու նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ: