Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ Յուրի Թեմիրկանովի ղեկավարությամբ, մարտի 27-ին կբացի Մստիսլավ Ռոստրոպովիչի 8-րդ միջազգային փառատոնը: Այդ մասին հայտնել է երաժշտի դուստրը՝ փառատոնի գեղարվեստական ղեկավար Օլգա Ռոստրոպովիչը: Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում երեկոյան կհնչեն Սիբելիուսի եւ Ռավելի ստեղծագործությունները:
Փառատոնի ծրագիրը կվերաբերի լեգենդար թավջութակահարի համար թանկ չորս երկրների՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ճապոնիային: «Այս տարի ես իմ առջեւ խնդիր եմ դրել կապել այն չորս երկրները, որոնք հատուկ տեղ են զբաղեցրել իմ հոր կյանքում ու սրտում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը Ֆրանսիան եւ Ճապոնիան»,-ասել է Ռոստրոպովիչը:
Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում երաժիշտը 17 տարի գլխավորել է Վաշինգտոնի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Ֆրանսիան Ռոստրոպովիչի եւ նրա տիկնոջ՝ Գալինա Վիշնեւսկայայի երկրորդ հայրենիքն է դարձել էմիգրացիայի տարիներին, իսկ Ճապոնի այում թավջութակահարը քանիցս ելույթ է ունեցել եւ սիրել է նրա մշակույթը:
Մարտի 29-ին եւ 30-ին Մոսկվայում եւ մարտի 31-ին Պետերբուրգում ելույթ կունենա Վաշինգտոնի ազգային սիմֆոնիկ նվագախումբը (ԱՄՆ), որի կազմում նվագում են «Ռոստրոպովիչի ժամանակաշրջանի» երաժիշտները: «Ես արդեն երկու տարի աշխատում եմ այդ նախագծի վրա: Հորս հոբելյանի առթիվ շատ կարեւոր էր նրա նվագախումբը, որը նա այնպես սիրում էր»,-նշել է փառատոնի գեղարվեստական ղեկավարը:
Ապրիլի 2-ին փառատոնի շրջանակներում ելույթ կունենան «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը եւ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան. նրանք կկատարեն Բրամսի ստեղծագործությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: