Այսօր՝ մարտի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» նյութի շուրջ բարձրացած աղմուկին:

 

Հիշեցնենք՝ նյութի մեջ  հրապարակված էին 114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ այն մասին, որ տնօրենները ՀՀԿ-ի օգտին ցուցակագրումներ են կազմակերպում: 

 

«Կատարվում է նաև քաղաքական ահաբեկչություն, լրատվական տեռոր, բայց չգիտես ինչու՝ որևէ մեկը դրանից չի խոսում: Ո՞վ ա տվել որևէ մեկին իրավունք՝ քննադատել և հայհոյել այն ուսուցիչներին, որոնց մասին այս օրերին այսքան շատ է խոսվում: Ո՞նց կարող է իրեն հարգող տղամարդը կանգնել և իր մոր տարիքի կնոջը հայհոյել: Վերջապես՝ կա անմեղության կանխավարկած. եթե մեկը խախտել է օրենքը և քարոզչություն է իրականացրել դրա համար չնախատեսված ժամին, ապա թող պատասխան տա համապատասխան հոդվածով: Բայց դեռ պետք է քննություն ընթանա և հանգամանքները պարզվեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ եթե օրենք են խախտել, ապա պետք է պատասխան տան և հարցը կքննարկվի գլխավոր դատախազությունում:

 

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ դրանցից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ, իսկ մնացած 113-ը՝ ոչ:


Աղավնի Սուքիասյան