Այսօր՝ մարտի 29-ին, ՀՀԿ նախընտրական քարոզչության շրջանակներում Կոտայքի մարզ այցելած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին դիմելով, գառնեցի մի կին նշեց, որ Գառնին դարձել է կորած գյուղ պետության մեջ, և հետաքրքվեց, թե ինչ ծրագրեր ունի կառավարությունը՝ օձանոց և փշանոց դարձած Գառնու զարգացման հետ:
Նախքան խոսքը սկսելը, վարչապետ Կարեն Կարապետյանը շեշտեց՝ գառնեցիները հետաքրքիր, բայց բարդ ժողովուրդ են: Այնուհետև նշեց, որ երկրի զարգացման կարևոր նախապայման է համարում բոլոր համայնքների ղեկավարների կողմից համայնքի զարգացման ծրագրի ներկայացումը. «Մենք Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին տվել ենք մեթոդաբանություն, ըստ որի՝ իրենք պետք է կազմեն իրենց համայնքի զարգացման ծրագիրը, որովհետև կամայական կառավարման սուբյեկտում՝ լինի խանութ, մեծ ձեռնարկություն, փոքր ձեռնարկություն, քաղաք, գյուղ կամ երկիր, եթե դու չունես տեսլական, թե ուր ես գնում, ծրագիր չունես, ամեն օր գալու ես մանր-մունր խնդիրներ լուծես՝ չհասկանալով, թե ուր ես գնում»:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ գրեթե բոլոր համայնքի ղեկավարները գիշեր-ցերեկ աշխատում են, սակայն եթե չգիտեն, թե ինչ են ուզում, եթե չունեն տեսլական, որևէ խնդիր չեն կարողանալու լուծել:
Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ այդ ծրագրերը պետք է պատասխանեն քաղաքացիների բոլոր հարցերին. «Նախ ծրագիրը պետք է գույքագրի առկա խնդիրները, թվայնացնի իրավիճակը, օրինակ՝ այսքան մարդ աշխատում է, այսքան մարդ գործազուրկ է և այլն: Հետո պետք է հաշվարկի համայնքի առավելությունները՝ ի՞նչ է պետք անել, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, ի՞նչ են անելու համայնքի ղեկավարը, մարզպետը, կառավարությունը այդ ուղղությամբ: Մենք դրանով պետք է առաջ շարժվենք: Ես Երևանում ձեզանից լավ չեմ պատկերացնում, թե Գառնին ինչպես պետք է զարգանա»: