«Ես երեսուն տարվա դաշնակցական եմ, այս կուսակցության կողքին եմ եղել միշտ և ամբողջ կյանքում էլ սատարելու եմ իրենց: Ինչ վերաբերում է քարոզարշավին՝ ապա դրանք անցնում են բազմահազար քաղաքացիների ուղեկցությամբ: Սակայն, դեռ հստակ չէ, թե ի՞նչ արդյունքներ կարձանագրենք, որովհետև քաղաքացիների մի մասը գալիս է երգ-երաժշտություն լսելու համար»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանը:
Մեր դիտարկմանը՝ հավաքված բազմությանը հետաքրքրում են ՀՅԴ գաղափարախոսությունն ու քարոզչական ծրագրերը, թե՞ նրանք գալիս են պարզապես լսելու Ներսիկ Իսպիրյանի երգերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա էլ կա, այո՛, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ մի մասն իսկապես նվիրված է այս կուսակցությանը, և ՀՅԴ առաքելությունն այս հարցում մեծ է»:
Ներսիկ Իսպիրյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին: Վերջինս նշեց, որ նման քաղաքական հարցին չի տա քաղաքական պատասխան, քանի որ հեռու է քաղաքականությունից, սակայն իր համար ակնհայտ է մի բան. «Երբ ուշադիր լսում ես նրան, պարզ է դառնում, որ նրա խոսքերը երբեք էլ իրար չեն համապատասխանել, հակասություններ կան: Ես չեմ հասկանում նաև առաջին նախագահի՝ սլաքները դաշնակցության կողմն ուղղելու միտումը, չէ՞ որ, երբ սկզբից եկավ, եկավ եռագույնը ծածանելով և դաշնակցական երգեր երգելով, սակայն բոլորս էլ տեսանք՝ վերջում ինչ արեց»:
Վերջում սիրված երգչին խնդրեցինք Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ տալ իր լուծման բանաձևը. հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Արցախը Հայաստանի անփոփոխ հողատարածքն է, և ով մտածում է, որ Արցախից մի թիզ պետք է տանք, ավելի լավ է՝ իր ձեռքով իր մահկանացուն կնքի»:
Աղավնի Սուքիասյան