ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Սպիտակ տանը կաշխատի որպես պետական ծառայող՝ աշխատավարձ չստանալով դրա համար: Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը մարտի 29-ին հրապարակվել է ամերիկյան The New York Times (NYT) թերթի կայքում:

 

Ինչպես պարզ է դառնում հրապարակումից, Իվանկա Թրամփը կկատարի Միացյալ Նահանգների ղեկավարի խորհրդականի դեր եւ պաշտոնապես կհամարվի պետական ծառայող: Նա կվարի նախագահի հատուկ օգնականի պաշտոն, նրան արդեն առանձնասենյակ է հատկացված Սպիտակ տանը:

 

«Լսել եմ, որ ոմանք կասկածներ ունեն այն բանի առթիվ, որ ես նախագահի խորհրդական եմ լինելու որպես մասնավոր անձ՝ բոլոր էթիկական նորմաների կամավոր պահպանմամբ, ուստի դրա փոխարեն ես կլինեմ Սպիտակ տան չվճարվող աշխատակցուհի, որի նկատմամբ կիրառելի են այն բոլոր կանոնները, ինչ եւ ֆեդերալ մյուս ծառայողների նկատմամբ»,- ասված է Թրամփի դստեր հայտարարության մեջ: