Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ովքեր են լինելու Ազատ տնտեսական գոտու առաջին ներդրողները, պատասխանեց. «Ռուսաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Բելառուսում և եվրոպական տարբեր երկրներում գրանցված ընկերություններ՝ արդեն ցանկություն են հայտնել գործունեություն ծավալել Ազատ տնտեսական գոտում: Մենք պետք է տեղեկացնենք մեր գործընկերներին Ազատ տնտեսական գոտու մեկնարկի մասին, որից հետո նրանք կսկսեն ներդրումներ իրականացնել»:


Սուրեն Կարայանը խոսեց նաև վերջին օրերին անընդհատ բարձրաձայնվող ներդրումային ծրագրերի մասին՝ շեշտելով, որ Կառավարության յուրաքանչյուր նիստի ընթացքում խոսվում է մեկ-երկու ներդրումային ծրագրի մասին, որոնք իրատեսական և ռեալ են. «Հարկային օրենսդրության մեջ կատարվում են փոփոխություններ, բացի այդ՝ Հայաստանը տարածաշրջանում ունի առևտրային արտոնություններ, մյուս կողմից՝ գործարար միջավայրն է բարենպաստ: Կան նաև այլ գործոններ, որոնք Հայաստանը դարձնում են գրավիչ՝ ներդրումների համար»:

 

ԼՈւՐԵՐ.com_ի հարցին՝ արդյոք կա՞ վիճակագրություն, թե որքան գումար կբերի Հայաստան՝ ստեղծված Ազատ տնտեսական գոտին, նախարարը պատասխանեց. «Այդ բոլոր թվերի և ներդրումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի առաջին եռամսյակից հետո և վիճակագրական վարչությունը կներկայացնի, թե որ ներդրումն ինչին է ուղղվել»

 

Նախարար Կարայանը, խոսելով սպասվող 3.2 միլիարդ ներդրումի մասին, նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած 3.2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիրը խիստ իրատեսական է. «Այդ 3.2 միլիարդի տակ կա կոնկրետ ծրագիր և կոնկրետ ֆինանսավորման աղբյուր»,-նշեց նախարարը: 

 

 Աղավնի Սուքիասյան