ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը՝ ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կիրականացնի կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահի «Լուսավորիչ» օպերայի առաջնախաղը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական վարչությունից, մինչ օպերայի առաջնախաղը' ժամը 18:30-ին, թատրոնի ճեմասրահում կբացվի «Դեպի լույս» խորագիրը կրող՝ հանրապետության գեղարվեստի և արվեստի դպրոցների սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը. ցուցադրության կազմակերպիչն է «Անահիտ Ցիցիկյան» հիմնադրամը:
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում՝ ապրիլի 4-ին, ժամը 17:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում' տեղի հանդիսատեսին կներկայացվի «Լուսավորիչ» օպերան:
«Լուսավորիչ» օպերայի բեմականացումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին:
2016 թվականի հոկտեմբերին բեմադրությունն իրականացնելու նպատակով «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչները, հեղինակները և Կամերային նվագախմբի դիրիժոր, պրոֆեսոր Հարություն Արզումանյանը լսումներ են անցկացրել ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական, արվեստի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում: Արդյունքում, ընտրվել են կամերային նվագախմբի երաժիշտներ, դերակատարների երկու կազմ, պարային խումբ՝ կազմված Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներից /ղեկավար՝ Տաթևիկ Ղարիբյան/ և երգչախումբ՝ կազմված Երևանի Ա . Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներից՝ /ղեկավար՝ Լիլիթ Եդիգարյան/: Բեմական հագուստը և բեմի ձևավորումը՝ «Տերյան» մշակութային կենտրոնի:
Նախագծի պրոդյուսերն է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը: Նախագծի գործադիր պրոդյուսեր' Սահականուշ Սահակյան: Նախագծի համակարգողներ՝ Քրիստինե Գարգարյան, Մարիաննա Թադևոսյան:
Ս. թ. մարտի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում' կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահի «Լուսավորիչ» օպերայի առաջնախաղին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին' ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, կոմպոզիտոր Ռոն Հաննահը, նախագծի գեղարվեստական ղեկավար և լիբրետոյի հեղինակ Անդրեա Մելլիսը, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն, նախագծի պրոդյուսեր Նելլի Սարգսյանը, նախագծի գործադիր պրոդյուսեր, թարմանիչ Սահականուշ Սահակյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանի խոսքով. «Ողջունելի է ավստրիացի հեղինակավոր կոմպոզիտորի նման նախաձեռնությունը' անդրադառնալ հայկական թեմային, օգտագործել հայկական ժողովրդական մեղեդիներ, ստեղծել ներկայանալի գործ, որը սիրով կատարում են հայ պատանիներն ու մանուկները: Համոզված եմ' «Լուսավորիչ» օպերան մշակութային կրթության ոլորտում կարևորագույն իրադարձություն է: Նշեմ նաև, որ ՀՀ մշակույթի նախարարությունն այն ընդգրկել է «Մշակութային կանգառ» ծրագրում»:
«Լուսավորիչ» օպերայի հեղինակ, կոմպոզիտոր Ռոն Հաննահի տեղեկացմամբ' մի քանի տարի առաջ Հայաստան է այցելել, անչափ տպավորվել պատմամշակութային հուշարձաններով, իսկ առաջին անգամ լինելով Խոր Վիրապում' մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել Գրիգոր Լուսավորչի զարմանալի պատմությանը: Հետևաբար սիրով գրել է այս ստեղծագործությունը: «Ինձ համար մեծ պատիվ է լինել Արամ Խաչատրյանի հայրենիքում, ներկայացնել օպերա»,- իր խոսքում նշել է Ե. Հաննահը:
Նախագծի գեղարվեստական ղեկավար և լիբրետոյի հեղինակ Անդրեա Մելիսն ընդգծել է, որ լիբրետոյի հիմքում ընկած է գոյատևման, կենդանի մնալու գաղափարը. «Հայաստանում վարպետության դասեր եմ անցկացրել և հիացել այն ձայներով, որոնք կան այստեղ: Ցանկանում եմ դռներ բացել երեխաների, երիտասարդների առաջ, հաղորդակից դարձնել նրանց աշխարհին»:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն, նախագծի պրոդյուսեր Նելլի Սարգսյանն իր խոսքում կարևորել է բեմադրիչի վարպետությունը, ինչի արդյունքում երեխաները մեծ հաճույքով են աշխատել բեմի վրա և հաղթահարել լեզվական խոչընդոտները: