«Ուրվագիծ» հաղորդմը հյուրընկալել էր ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին:
Վերջինս խոսեց դպրոցների համատարած հանրապետականացման, Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագրի, քաղաքական վերջին իրադարձությունների և իր՝ իրական ընդդիմադիր լինել-չլինելու մասին:
Հաղորդման ընթացքում, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցներին՝ կապված Արցախի, այսպես ասած, ճակատագրի հետ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ի՞նչ է առաջարկում Լևոն Տեր-Պետրոսյանը, նա, ըստ էության առաջարկում է տարածքներ՝ խաղաղության դիմաց՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հստակ կարգավիճակի ընդգծման: «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը նման պայմաններում, երբ Բաքվում անընդհատ խոսվում է Ստեփանակակերտում, Երևանում թեյ խմելու, Սևանի ափին քեֆ անելու մասին, այդ տարածքներն այս մթնոլորտում զիջելով՝ նրանց ավելի ենք մոտեցնում Ստեփանակերտին, Երևանին, Սևանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Մենք ասում ենք հետևյալը. քանի դեռ Ադրբեջանը խոսում է այն հռետորիկայով, ինչ որ խոսում է՝ փոխզիջում բառը հայկական քաղաքական բառապաշարից պետք է արմատախիլ անել»:
Անդրադառնալով քաղաքական զարգացումների նախընտրական շրջանակների առանձնահատկություններին, լրագրողը դիտարկում արեց, թե այս շրջանում ընդդիմադիր տարբեր քաղաքական գործիչներ միմյանց մեղադրում են իշխանությունների հետ համագործակցության մեջ և Նիկոլ Փաշինյանին ևս բաժին է հասել այդ մեղադրանքը՝ «ասում են, թե ՀՀԿ-ի վերջին քննադատությունները Ձեր դեմ արվում են, որպեսզի Ձեր ռեյտինգը բարձրանա, եթե դու այդքան ըննդդիմադիր ես, ինչո՞ւ քո բերանը չեն փակում»:
Նիկոլ Փաշինյանը դիտարկմանը պատասխանեց. «Այդ մասին ես արդեն լսել եմ, ամեն ինչ հասել է այն աստիճան աբսուրդի, որ վերջին շրջանում ասում են՝ ինչո՞ւ չեն սպանում, պատկերացնո՞ւմ եք, մարդու կենդանի լինելը դառնա փաստ, որ ինքն ընդդիմադիր չէ»:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձավ նաև իր քաղաքական անցած ուղուն, ներկայացրեց, թե ինչպես է պահպանել իր ընդդիմադիր դիրքը: Փաշինյանի խոսքից հետո լրագրողը նկատեց.
-Խոսելը մի բան է, բայց որ անընդհատ ցուցադրվում է հեռուստատեսությամբ՝ այլ բան է.
-Ո՞վ է ցուցադրում:
-Մենք:
-Ինչո՞ւ եք ցուցադրում:
-Որովհետև մեզ թույլ են տալիս Ձեզ ցուցադրել, շատ ժամանակ ընդդիմությունը չի կարողացել հեռուստաեթերով Ձեզ նման քննադատել, մարդիկ ասում են՝ ինչու՞:
Զրույցն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորև.