Արցախ աշխարհը հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ և հիասքանչ վայրերից մեկն է, որտեղ կան ճարտարապետության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Դադիվանքը, Գանձասարը...

 

1993 թվականի հենց այս օրը՝ մարտի 31-ին, հայկական զորքերն ազատագրեցին Արցախում գտնվող Դադիվանքը: Այն գտնվում է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ 1992-ին ազատագրվել է, 1994-ին՝ վերաբացվել, իսկ 1999 թվականից սկսել են վերանորոգման աշխատանքները։ 

 

Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ 19-րդ դարում ռուս-պարսկական առաջին պատերազմի հետևանքով Արևելյան Հայաստանի Գուգարք, Ուտիք և Արցախ նահանգները, ինչպես նաև Սյունիքի հարավային հատվածը՝ Զանգեզուրը, մտնում են Ռուսական կայսրության կազմ և հետագայում միավորվում Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահագների մեջ։

 

Դադիվանքն ունեցել է 200 000 հա կալվածքներ, սակայն 1920 թվականին Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։ 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանքային համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանքային համալիրի շենքերը, որմնանկարները։

 

 

2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից, որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվեց Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող փաստաթուղթ, ըստ որի՝ Արցախում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարում էր հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և անխնա ավերում էր»: 

 

Ըստ լեգենդներից մեկի՝ Դադիվանքը հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում, այնուհետև՝ իրականացված պեղումների ժամանակ խորանի տակ հայտնաբերվել է սուրբ Դադե առաքյալի մասունքները:


«Դադիվանք այցելելը նշանակում է բացահայտել Կովկասի սիրտը: Մշակութային ու կրոնական դարավոր ավանդությունների կենտրոնակետ։ Նաև անվերջանալի տառապանքների ու պատերազմների կենտրոնակետ։ Խաղաղություն այստեղ առ այսօր չկա: Պատերազմն այստեղ մնում է «սառած»՝ ասես մի անեծքով, որը արդեն քառորդ դարից երկար է տևում»: Ահա այսպիսի միտք է արտահայտել լրագրող Սիմոնե Ձոպելարոն՝ իտալական «Treccani» պարբերականում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած իր հերթական այցելության տպավորությունները ներկայացնելով: