Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի տարածքում իրենց ներկայությունը շարունակելու մասին:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Թուրքիայի զինված ուժերի գերագույն շտաբը հայտնել է, որ թուրքական զինուժը Սիրիայի տարածքում շարունակելու է ազգային անվտանգության պաշտպանությանն ուղղված գործողությունները և ներկայությունը Սիրիայում, չնայած, որ ավարտվել է «Եփրատի վահան» գործողությունը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն մարտի 29-ին տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին:
Թուրքիայի վարչապետը հայտնել էր, որ եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսուհետև կրկին վտանգ առաջացնի Թուրքիայի համար, իրենք նոր գործողություն կսկսեն, որն այլ անվանում կունենա:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում էր «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում էին Սիրիայի քրդերին: «Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը գերազանցել է 70-ը: