Այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքը նշանավորվեց մի նոր իրադարձությամբ' առաջին անգամ շարժման ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ հարցի քննարկումը կատարեց անմիջապես հավաքված ժողովրդի հետ' տվյալ հարցը դնելով քվեարկության, այսինքն տեղի ունեցավ հանրահավաքային հանրաքվե: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց կողմ կամ դեմ լինելու դեպքում բարձրացնել ձեռքերը: Մասնավորապես քվեարկության դրվեց շարժման ակտիվ գործիչներից մեկի' Նիկոլ Փաշինյանի առաջարկը' Ազատության հրապարակում կազմել Հայաստանի Նոր կառավարության կազմը: Նշենք, որ ժողովրդի մեծամասնությունն ակնհայտորեն կողմ արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի առաջարկին:
Ուշագրավ է, որ մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկման դրեց նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, ինչին կարծես դեմ արտահայտվողներն ավելի շատ էին, քան' կողմ:
Հիշեցնենք, որ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փետրվարի 24-ին հանդես եկավ հոդվածով, որում մասնավորապես նշված էր. «Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք դե յուրե հատուկ են միայն նախագահի պարտված թեկնածուներին: Եվ ընդհակառակը, պիտի ձեռնարկի միայն ու միայն այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են հաղթած թեկնածուին, այսինքն՝ նորընտիր նախագահին: Այսպես ասելով՝ նկատի ունեմ նոր իշխանության, կամ եթե կուզեք՝ Նոր կառավարության ձևավորումը: ՀՀ օրենսդրության համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին: Մինչ այդ ուրեմն, նրա հիմնական անելիքը մնում է Նոր կառավարության ձևավորումը»:
Մանրամասները' 168.am-ի տեսանյութուն