Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկում են 24 կարճաժամկետ դիտորդներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության հանրային կապերի պատասխանատու Բոգդան Տորկատորիուն, առաքելության բոլոր դիտորդները վեհաժողովը ներկայացնող պատգամավորներ են: «Մեր դիտորդների խմբերը դեռևս շրջում են տեղամասերում: Հնարավոր խախտումների մասին և նմանատիպ այլ տեղեկատվություն կհավաքվի և կներկայացվի վաղվա ասուլիսում»,- նշեց Տորկատորիուն' հավելելով, որ ԵԽԽՎ թիմերը գործում են ոչ թե ինքնուրույն, այլ ընդհանուր միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում:
Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության հանրային կապերի պատասխանատու Ժուլիեն Քրամփսն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց առաքելությունը բաղկացած է 12 հոգուց: «Նրանք բաժանվել են երեք խմբերի, որոնք տեղաշարժվում են մայրաքաղաքում, ինչպես նաև Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում: Բոլոր արդյունքները և խախտումների մասին տեղեկությունները հավաքվելու են և ներկայացվելու են միջազգային դիտորդների միասնական մամուլի ասուլիսի ժամանակ»,- նշեց Քրամփսը:
Բացի ԵԽԽՎ-ից և Եվրոպական խորհրդարանից, դիտորդական առաքելություններ են իրականացնում նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները: