Անցած տարի այս օրերին Արցախի ու Ադրբեջանի սահմանին մարտական գործողություններ էին ընթանում։ Հակառակորդը սահմանի ողջ երկայնքով հարձակում էր գործել՝ հեռահար նպատակներ ունենալով։ Ապրիլի 3-ին ևս հայկական կողմը մեծաթիվ զոհեր ունեցավ, հերոս տղաներ ընկան․․․
Սպասվում էր, որ ապրիլյան այս օրերին հակառակորդը կրկին կփորձի սրել իրավիճակը սահմանին։ Սակայն, ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը, իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել, հայկական կողմը ձեռնպահ է մնացել պատասխան գործողությունների դիմելուց։
Մարտական գործողությունների հետևանքով Մարտակերտի շրջանի Թալիշն ու Մատաղիսն ամենաշատն էին վնասներ կրել, սակայն այսօր Թալիշում վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում գյուղապետ Վիլեն Գաբրիելյանն ասաց՝ Թալիշն այսօր վերականգնվում է, կառուցվում է մշակույթի շենքը, վերակառուցվում՝ գյուղապետարանի շենքը։
Գյուղում մշտական բնակչություն դեռ չկա, միայն տղամարդիկ են մնում, այն էլ՝ շինարարական աշխատանքներ կատարելու համար։ Ապրիլյան պատերազմից հետո մեկ անգամ էլ այս տարվա փետրվարին էր հակառակորդն արկակոծել գյուղը, 18 արկ արձակելով խաղաղ բնակավայրի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չէին եղել, քանի որ արկերի մեծ մասն օդում էր պայթել։
Թալիշի բնակչության մի մասն այսօր ապրում է Հայաստանում, մյուս մասն էլ Ալաշան կոչվող ճամբարում, որտեղ դպրոց էին բացել՝ երեխաներին ուսումից չկտրելու համար։ Նրանք հույս ունեն մի օր վերադառնալ իրենց տները, չնայած որ դրանք ավերված ու ոչնչացված են։ Բայց հոգ չէ, կվերանորոգեն, կապրեն, միայն թե անվտանգություն լինի ու նոր ապրիլ չլինի։ Բոլորը լավատես են. Թալիշում վաղ թե ուշ անվտանգության երաշխիքներ կլինեն։
1992-ին գրավված գյուղն ազատագրվել էր 1994-ի ապրիլի 14-ին։ Ազատագրումից ամիսներ անց արդեն 13 բնակիչ տեղափոխվել էր գյուղ, որից հետո գյուղն ամբողջությամբ վերաբնակեցվել էր։ Այսօր արդեն պատմությունը, կարելի է ասել, կրկնվում է։ Այս պատմության ընթացքը կարող են փոխել միայն սահմանին կանգնած զինվորն ու իր հրամանատարը․․․ Բարձունքը մերն է, տղերքը՝ չկան, տղերքն ավելի բարձրում մնացին ու արծիվ դարձած ճախրում են դիրքերի վրա, որոնց համար կյանք են տվել․․․