Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, հատուկ ընդգծելով, որ այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից, քանի որ ընտրատեղամասերում որևէ լուրջ խախտում չի գրանցվել և այս տեխնոլոգիական նորամուծույթուններն իրենց ազդեցությունն ունեցան անգամ թաղի խուժանի վրա. «Բոլոր պարտված և անցած ուժերը փաստացի ընդունեցին ընտրությունների արդյունքները, անգամ ՕՐՕ-ն փաստացի ընդունեց, որ ձայների առքուվաճառքով հանդերձ՝ ընտրությունները կայացած էին և դրա համար հետընտրական զարգացումներ չեն լինելու: Մարդիկ փողը վերցրեցին ու գնացին ընտրեցին նրան, ում ուզում էին, էլ ինչ հետընտրական զարգացման մասին կարող է խոսք գնալ»,-ասաց բանախոսը:
Կարեն Քոչարյանի բնորոշմամբ՝ «Սասնա ծռերից» հետո իշխանությունը հասկացավ, որ պետք է փոխվել և դրա համար էլ բերեց Կարեն Կարապետյանին. «Անգամ ատելով ՀՀԿ-ին, քաղաքացին գնաց-ձայն տվեց այդ կուսակցությանը, որ Կարեն Կարապետյանը մնա վարչապետ»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ անգամ այս հաղթանակից հետո՝ եթե իշխանությունը չգնա երկրում ծավալված անարդարության ոչնչացման, կծնվեն նոր սասնա ծռեր: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյոք Կարեն Կարապետյանը կավարտի՞ իր առաքելությունը և 2018 թվականին կհեռանա՞ ՀՀ-ից, քաղտեխնոլոգն ասաց. «Անձնապես մեծ վստահություն ունեմ, որ նա կշարունակի մնալ Հայաստանում, ես դա իսկապես ուզում եմ, քանի որ հավատում եմ իրեն, բայց խոշոր հաշվով՝ դա պետք է որոշի ՀՀԿ-ն, ի դեպ ,որի փոխնախագահն է վարչապետը»:
Կարեն Քոչարյանը խոսեց նաև ռեյտինգային ընտրակարգի մասին՝ մասնավորեցնելով, օրինակ՝ Լոռու մարզը, որտեղ ակնհայտ էր, որ գործ արած մարդը ստանալու է բոլոր ձայները. «Վերցրեք, օրինակ, Կարեն Կարապետյանին: «Տաշիր» ընկերությունն այնքան գործ էր արել, որ ակնհայտ էր՝ Կարեն Կարապետյանը սրբելու-տանելու է բոլոր ձայները: Սա ինձ համար հասկանալի է, բայց մյուս կողմից՝ անհասկանալի է, որ Սամվել Ալեքսանյանը մնալու է որպես պատգամավոր: Ինձ համար անընդունելի է որպես պատգամավոր նրա ներկայությունը, բայց ես հասկանում եմ, որ բիզնեսմենին ու օդիոզին ժամանակի ընթացքում պետք է հեռացնենք խորհրդարանից»,-ասաց Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ երբ ԿԸՀ-ի արդյունքները վերջնական հրապարակվեն՝ տեսանելի կլինի՝ նոր սերնդափոխված խորհրդարան ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ:
Աղավնի Սուքիասյան