Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանյան քաղաքական ընտրությունները, որ ֆորմատի էլ դրանք լինեն ու ինչ անուն էլ կրեն, մշտապես մի տհաճ յուրահատկությամբ են աչքի ընկել. որպես կանոն՝ դրանցից հետո շուկայում լայն սպառման ապրանքների՝ տնտեսագիտորեն չհիմնավորված թանկացումներ են նկատվել:

Ինչպես և սպասելի էր՝ այս առումով՝ մի քանի օր առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ևս բացառություն չդարձան, ու հիմա բնակչությունն՝ այն նույն բնակչությունը, որն առատորեն կաշառվել էր՝ «ճիշտ» ընտրություն կատարելու համար՝ մարդա 10.000-ական դրամով, ստիպված է լինելու առաջիկայում ինչպես հարկն է «քամվել». այնպիսի կարևորագույն ապրանքատեսակներ, ինչպիսիք են շաքարավազը, բանանը, բենզինը, դիզելային վառելիքն՝ արդեն հասցրել են թանկանալ: Մասնավորապես՝ մարտին շաքարավազը Հայաստանում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 14.9%-ով այն պարագայում, երբ, ասենք, միջազգային շուկայում գների դինամիկան միանգամայն այլ է եղել. Լոնդոնի ֆոնդային բորսայում շաքարի գնի աճը չի գերազանցել 3%-ը, ինչը, փաստորեն, առիթ է տվել Սամվել Ալեքսանյանին, ով ինչպես հայտնի է, մեր երկրում շաքարի շուկայի մենաշնորհատերն է, գնալու անհամաչափ թանկացումների:

Ինչ վերաբերում է բանանին, որի հիմնական ներկրողը Միհրան Պողոսյանն է, ապա պետք է ֆիքսել, որ եթե նախկինում 650-700 դրամ էր վաճառվում, հիմա անցել է 850-900 դրամի սահմանագիծը:

Համապատասխանաբար, բենզինի ու դիզելային վառելիքի պարագայում ևս համանման պատկեր ունենք. Բարսեղ Բեգլարյանը ևս իր համակուսակից ընկերներից հետ չի մնացել ու հիմա բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը արդեն վաճառվում է 380 դրամ՝ նախկին 330-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 400 դրամ՝ 350-ի փոխարեն, սուպեր տեսակինը՝ 420 դրամ՝ 400-ի փոխարեն, դիզելինը՝ 350 դրամի փոխարեն՝ 360 դրամ:

Կարծում ենք՝ առանձնապես օժտված մեկը լինել պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչով են պայմանավորված առաջին անհրաժեշտության համապատասխան ապրանքատեսակների այսօրինակ թանկացումները. պատճառն ընդամենը բաժանած փողերը հետ բերելու անհագուրդ ցանկությունն է. ընտրություններին միլիոնավոր դոլարներ են բաժանվել, ու հիմա հասունացել է ճիշտ պահը՝ ստիպելու ժողովրդին 10.000-ական դրամները փոխհատուցելու. անկասկած, շուկայում մոնոպոլ դիրք զբաղեցնողների անմիջական աջակցությամբ է նաև տեղի ունեցել համընդհանուր կաշառատվությունը:

Ընտրություններին ոմանք բողոքում էին, թե առաջարկվող ընտրակաշառքի չափը հիմնականում չի գերազանցել 10.000 դրամի սահմանագիծը, բողոքում էին, թե համապատասխանները ժլատ են դարձել ու չեն շտապում բարիքներով կիսվել հարազատ ժողովրդի հետ: Հաշվի առնելով շուկայում նկատվող տենդենցները՝ ենթադրելի է, որ իրականում պետք է շնորհավորել բնակչությանն այն բանի կապակցությամբ, որ ընտրակաշառքի չափը հիմնականում չի գերազանցել 10.000 դրամը. եթե մարդա 20.000 բաժանեին, ենթադրելի է, որ համապատասխան թանկացումները շատ ավելին կլինեին, քան են ներկայում: Այնպես որ՝ շնորհակալություն կաշառատուներին. էժան ենք պրծել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ