Ռուսաստանի ակնկալիքները չափազանցված էին ԱՄՆ նախագահ Թրամփի նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ խոսելով Սիրիական կոնֆլիկտի վերջին զարգացումների արդյունքում ռուս-ամերիկյան հարաբերությունների լարման մասին:
«Ռուսական իրականությունն այլ է՝ երկրի առաջին դեմքը ամեն ինչ որոշողն է, և Ռուսաստանում կարծում էին՝ Թրամփը կգա իշխանության և միայնակ կկարողանա իր խոստումներն իրականացնել նաև Սիրիայի մասով, սակայն ԱՄՆ-ի կողմի Սիրիայում հրթիռակոծումը ցույց տվեց, որ երկիրը առաջնորդվում է սեփական շահերով»,- ասաց Արա Պապյանը:
Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների մերձեցման հնարավորություններին, Պապյանը նկատեց, որ այդ մերձեցման կամ հաշտեցման քաղաքականությունը, ըստ էության, ձախողվել է. «Ռուսաստանը որդեգրել է դիմակայության և հակադրության ճանապարհը, ինչը Հայաստանի համար բոլորովին լավ չէ: Հայաստանի համար միշտ էլ վնասաբեր է եղել հայտնվել երկու ճակատների մեջտեղում: Սա մեզ դնում է նեղ վիճակի մեջ, քանի որ կարող են առաջ մղել տարբեր գործողությունների և հայտարարությունների»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ հակառակ դրան՝ սիրիական հիմնախնդրից բավական շահեց Թուրքիան:
Հարցին`մեզ վրա ինչ հետևանք կունենա, Պապյանը նկատեց.
«Հակադրությունը կշատանա, հետևաբար, մեր ակնկալիքները, որ ամերիկյան բիզնեսմենները ներդրումներ կանեն Հայաստանում, դրա հավանականությունը կթուլանա»,- ասաց նա՝ ավելացնելով՝ թեև բիզնեսը մասնավոր է, սակայն երկրի ղեկավարության հետ իր քայլերը համաձայնեցնում է:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռուսաստանի կողմից հրահրիչ հայտարարություններ են հնչում, թե իր դաշնակից երկրներն ինչու չեն մեղադրում ԱՄՆ-ին՝ Սիրիայում հրթիռակոծություն իրականացնելու համար, Պապյանը նշեց, որ այդ տեսակ հոխորտալից խոսքերով մեզ առաջ են մղում գործողությունների, որոնք մեզ համար լավ չեն:
Սոնա Հարությունյան