Հարցը, թե ով է ղեկավարելու Հայաստանը 2018-ից հետո, չնայած ֆորմալ առումով կարծես փակված է, քանի որ երկիրն այլևս անցում է կատարել կառավարման խորհրդարանական ձևին, սակայն հաշվի առնելով հայաստանյան քաղաքական դաշտի ռեալներն ու նոր Սահմանդրությամբ երկրի վարչապետին շնորհված լայն լիազորությունները՝ պետք է ամրագրել, որ իրականում վարչապետին են պատկանելու երկրի կառավարման գրեթե բոլոր լծակները, որոնք հիմնահենքային նշանակություն ունեն պետության կառավարման հարցում. երկրում իրական իշխանությունը պատկանելու է հենց վարչապետին՝ չնայած Ազգային ժողովի ունեցած դերի աննախադեպ բարձրացմանը՝ պետական կառավարման համակարգում:
Հարցը, թե ով կլինի Հայաստանում վարչապետ 2018թ.-ից հետո, երբ այլևս կավարտվեն գործող նախագահի լիազորությունները, դեռևս բաց է մնում: Ճիշտ է՝ այս թեմայի շուրջ բազում վերլուծություններ են արվել, քննվել բոլոր հնարավոր սցենարները, բայց այդպես էլ մինչև վերջ պարզ չի դառնում այն հարցը, թե ով է, ի վերջո, 2018-ին հռչակվելու վարչապետ՝ չնայած վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ վարչապետի ամենահավանական թեկնածուն գործող նախագահն է՝ հակառակ ամիսներ առաջ տարածված այն կարծիքի, թե վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ից հետո ևս շարունակելու է պաշտոնավարել իր ներկա պաշտոնում:
Ինչպես հայտնի է՝ ակտիվորեն շրջանառվում են ամենևին էլ ոչ անհիմն խոսակցություններ այն մասին, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է դառնալու ռուսաստանաբնակ հայ, մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանն, ով, պետք է նկատել՝ իշխանական բուրգում բնավ էլ օտար մեկը չէ. երկար տարիներ առաջ զբաղեցրել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը, ժամանակին եղել է նախագահ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, այնուհետև, 2012-ին, ընտրվել պատգամավոր: Մի խոսքով՝ մարդ է, ով փայլուն տիրապետում է քաղաքականության արվեստին ու հաստատ չի տապալի իրեն վստահվելիք պաշտոնը: Այստեղ, սակայն, հարցը մեկ այլ բանում է՝ ինչի՞ արդյունքում է որոշվել հենց նրա թեկնածությունն առաջ քաշել ԱԺ նախագահի պաշտոնում կամ ի՞նչ խորքային պրոցեսների արդյունք կարող է լինել նմանատիպ որոշումը մի պարագայում, երբ, կարծես թե, ռուսական ազդեցության մեծացման խնդիր՝ Հայաստանն այլևս չունի:
Նախ՝ ակնհայտ է, որ Կարապետյանի կարիերայի հավանական աճի հիմքում հարկ է տեսնել նրա եղբոր՝ Սամվել Կարապետյանի միջամտությունն, ով, ինչպես հայտնի է, հատկապես վերջին շրջանում իր ակտիվ մասնակցությունն է բերում ոչ միայն տնտեսական հարցերում, այլև քաղաքական կոնյուկտուրայի ձևավորման՝ ըստ էության՝ հանդիսանալով Կրեմլի կողմից հստակ լիազորություններով օժտված մեկն, ում անմիջական պատասխանատվության շրջանակներում է գտնվում Ռուսաստանի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցության ոչ միայն պահպանումն, այլև խորացումը:
Այն պահից սկսած, երբ ակտիվորեն սկսեցին շրջանառվել Կարապետյանի՝ ՀՀ ԱԺ վարչապետ դառնալու մասին խոսակցությունները, դրան զուգահեռ ակտիվացան շշուկները նաև այն մասին, որ Հայաստանի հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն կարող է Սերժ Սարգսյանը լինել, ինչը, բնականաբար, նշանակելու է գործող վարչապետի լիազորությունների ավարտ 2018-ին, ինչի համար կարծես «օբյեկտիվ» հիմքեր կան՝ կապված տնտեսությունում գործնականում բացակայող ռեալ առաջընթացի հետ: Ի դեպ՝ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ հռչակվելու շանսերը բարձր են գնահատում ինչպես մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ, այնպես էլ արևմտյան խոշոր ԶԼՄ-ներ, որոնք, հատկապես վերլուծելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, միանգամայն իրատեսական են համարում Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հավանականությունը:
Իսկ այս ամենն առավել քան ակնհայտ է դարձնում այն կոնսենսուսը, որն, ըստ էության, ձեռք է բերվել Արևմուտքի ու Մոսկվայի միջև. ԱԺ նախագահ է հռչակվում ռուսամետ Կարեն Կարապետյանը, վարչապետ՝ գործող նախագահն, ինչը համապատասխանում է Հայաստանում ուժային կենտրոնների միջև հավասարակշռություն պահպանելու կոնցեպտին, քանի որ եթե գործող վարչապետ Կարեն Կարապետյանը պահպանի իր վարչապետական աթոռը նաև 2018-ից հետո մի պարագայում, երբ ԱԺ նախագահ է դառնում մեկ այլ ռուսամետ գործիչ, ապա դա կնշանակի՝ Հայաստանի լիակատար կլանում Ռուսաստանի կողմից. մի բան, ինչն Արևմուտքն ուղղակիորեն չի կարող Ռուսաստանին թույլ տալ մանավանդ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների սրացման ֆոնին. այս իմաստով՝ Սերժ Սարգսյանը դիտարկվում է որպես կոմպրոմիսային թեկնածու, քանի որ նա հրաշալի կապեր ունի ինչպես արևմտյան ազդեցիկ շրջանակների, այնպես էլ Կրեմլի հետ.նա շատ ավելի ընկալելի գործիչ է ՀՀ վարչապետի պաշտոնում:
Պակաս կարևոր չէ շեշտադրել նաև այն, որ եթե իրոք Սերժ Սարգսյանը 2018թ.-ին հռչակվի ՀՀ վարչապետ, ապա խորհրդարանի վերահսկողության առումով՝ նա առհասարակ խնդիր չի ունենալու, քանի որ ունենալու է հստակ քաղաքական հենարան այնտեղ ու, ըստ էության, հանդիսանալու խորհրդարանի ստվերային կառավարիչը՝ ՀՀԿ հին գվարդիայի գոնե մի մասին կրկին ակտիվացնելու փայլուն հնարավորություն ստանալով, ինչը, բնականաբար, է՛լ ավելի կուժեղացնի իր դիրքերը երկրի ներսում: Ու կստացվի՝ ֆորմալ առումով խորհրդարանի ղեկավար է հռչակվում Կարեն Կարապետյանն, իսկ երկրի իրական ղեկը կրկին մնում է Սերժ Սարգսյանի ձեռքում, ում հետ ստիպված են լինելու համագործակցության եզրեր փնտրել անխտիր բոլորը. Սերժ Սարգսյանը, փաստացի, վերածվելու է ազգային առաջնորդի՝ ստանձնելով նաև խորհրդարանի ստվերային ղեկավարումը:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ