Հայաստանի տնտեսության ամենախոցելի հատվածներից մեկն էլ, ինչպես հայտնի է՝ գյուղատնտեսությունն է: Ընդ որում՝ պետք չէ մոռանալ, որ գյուղատնտեսությունը չափազանց սպեցիֆիկ ոլորտ է, որն անմիջականորեն կապ ունի ժողովրդի կենսագործունեության ու կենսամակարդակի հետ. ոլորտում զբաղվածների թիվը հարյուր հազարների է հասնում, իսկ սա նշանակում, է որ մենք երբեք չենք կարող դուրս գալ աղքատության ճահճից ու բնակչության համապատասխան կենսամակարդակ ապահովել, եթե ի վիճակի չլինենք գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու: Այս իմաստով, պետք է նկատել, որ ոչ միայն հարկավոր է ձգտել այս հարցում ինքնաբավության ու վերջ տալ, ասենք, թուրքական լոլիկի սպառման շուկա հանդիսանալու տխուր ավանդույթին, այլև գյուղատնտեսության այնպիսի ճյուղեր զարգացնել, որոնք թույլ կտան մեզ՝ զարկ տալ գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը. հայաստանյան արևահամ պտուղ-բանջարեղենը բավական մեծ պահանջարկ է վայելում դրսում:
Պարզվում է, սակայն, որ Հայաստանը ոչ միայն չի կարողանում աշխարհին մատուցել այն, ինչով կարող է իրապես պարծենալ, այլև ինքնաբավության չի ձգտում, ինչն, անկասկած, աղետ է: Արդյունքում՝ արտագաղթող գյուղացիություն, մեռնող գյուղեր, անջրդի հողեր:
Վարչապետ Կարապետյանն, ինչպես հայտնի է՝ այցելել էր գյուղատնտեսության նախարարություն, ուր արծարծել էր հարցեր, որոնք նույնիսկ իր համար անակնկալ էին դարձել. վարչապետն ապշել էր, թե ինչպես կարելի է, ասենք, սերմեր ներկրել դրսից մի պարագայում, երբ, ասենք, ունենք Գյումրիի սելեկցիոն կայանի պես հաստատություն: Իհարկե, ասել, թե սերմերի ոլորտը միակն է, ուր մենք չենք կարողանում հասնել ինքաբավության, անհույս լավատեսություն կլիներ, ակնհայտ է, սակայն, որ գոնե այս հարցում ինքնաբավության հասնելու համար՝ մեզ անհրաժեշտ չէին լինելու միլիոնավոր դոլարների շարունակական ներդրումներ ապահովել, ասենք, արտասահմանից. սա խնդիր է, որը ցանկության դեպքում կարելի կլիներ լուծել շատ հեշտորեն: Բայց, արի ու տես, որ խնդիրը ոչ միայն լուծված չէ, այլև խորանում է:
Հարց՝ ինչի՞ հետ է սույն երևույթը կապված: Պատճառն, անկասկած, հայաստանյան տխուր ռեալներն են. մոնոպոլիաները խեղդում են ցանկացած նորարարական միտք ու նախաձեռնություն: Իսկ հայտնի է, որ գյուղոլորտում հսկայական մենաշնորներ ունի Բարսեղ Բեգլարյանն, ով ոչ միայն վառելիքի հիմնական մատակարարն է հանդիսանում, այլև սերմացուի հիմնական ներկրողը. նրան են պատկանում այն ընկերությունները, որոնք զբաղվում են Հայաստան՝ դրսից սերմացու ներմուծելով: Ի դեպ՝ Բեգլարյանի համար սա մեծ շահույթներ ապահովող գործ է, քանի որ ամեն տարի պետական բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում սուբսիդավորման համար: Հետևաբար՝ տարրական այս հարցում էլ չլուծվող խնդիրները պայմանավորված են մեկ բանով՝ Հայաստանում ծաղկում ապրող օլիգոպոլիաներով. ներկրողների քմահաճույքին են հանձնված տնտեսության ամբողջական ոլորտներ, որոնք ծառայում են մի շարք անհատների՝ ասենք, նույն Բարսեղ Բեգլարյանի հարստացմանն՝ ի հաշիվ հասարակության:
Ենթադրելի է, սակայն, որ եթե այս խնդրի մասին բարձրաձայնվում է նման բարձր մակարդակով, ուրեմն՝ կա մտադրություն՝ Բարսեղ Բեգլարյանին գոնե ինչ-որ չափով կարգի հրավիրելու: Հակառակ պարագայում՝ անիմաստ է ստացվում խնդրի ամրագրումը մի պարագայում, երբ ոչ մի էական քայլ դրա լուծման ուղղությամբ՝ չի արվելու: Անհերքելի է՝ քանի դեռ այս իրավիճակը մեզանում չի շտկվել, քանի դեռ կոնկրետ քայլեր չեն արվել երկիրը գոնե որոշ կենսական հարցերում ինքնաբավ դարձնելու, օլիգոպոլիաներից ձերբազատվելու, մեզ լավ բան չի սպասվում, ու շարունակելու ենք օտար երկրների համար հավերժ մնալ սպառման շուկա. արդյունքում՝ Հայաստանում իսպառ վերանում է միջին խավը, որը ցանկացած պետության հիմքն է. պետականությունը վտանգված է:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ