Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Սուրբ Հարության տոնին ընդառաջ ուժեղացրել է վերահսկողությունը շուկայում: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը նշեց, որ այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը խստացված, ամենօրյա ռեժիմով դիտանցում ներ է իրականացնում հատկապես հավկիթի շուկայում: «Այդ շուկայում մենք ունենք մոտ 20 արտադրող, որոնցից 4-ն են գերիշխող դիրք զբաղեցնում»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով' շուկայում տոնական օրերին վերահսկողությունը սպառողի եւ բարեխիղճ տնտեսավարողների շահը պաշտպանելու նպատակ է հետապնդում: «Ապրիլի 7-ից մինչեւ ապրիլի 13-ը հանձնաժողովը խախտումներ' գնային բարձրացումների տեսքով չի հայտնաբերել: Ավելին, մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ տեղական արտադրողների արտադրանքը լիովին հերիք է բավարարելու Զատկի տոնին քաղաքացիների շրջանում մեծացող պահանջարկը»,-նշեց Գայանե Սահակյանը:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը հավելեց, որ եթե տարեսկզբին հավկիթի միջինացված գինը եղել է 59-60 դրամ, ապա մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ այդ գինն այսօր էլ պահպանվում է: «Մենք շարունակելու ենք հետեւողական լինել, եւ եթե հանձնաժողովը նկատի անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ, անմիջապես համապատասխան միջոցներ կկիրառի»,-ասաց նա:

Սուրբ Հարության կամ Զատկի տոնն այս տարի ապրիլի 16-ին է: Այդ օրը սեղանի գլխավոր զարդը գունավորված հավկիթն է: