Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է քննվել «Նաիրիտ» գործարանի 18 աշխատակցի գործը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ:
- Նշենք՝ գործարանի նախկին աշխատակիցները դատի են տվել «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին՝ պահանջելով չեղյալ համարել աշխատավարձերի ստացման համար ստորագրված պայմանագրի 2-րդ կետը, ըստ որի՝ նրանք հրաժարվում են աշխատավարձերի ուշացման տույժ-տուգանքներից: Նաիրիտցիները դա համարում են ստորացուցիչ պայմանագիր, քանի որ ստիպված են եղել ստորագրել՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական վատ վիճակը:
Ի դեպ՝ նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Սարգսյանը, եթե դատավորը շարունակի կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել գործի նկատմամբ, իրենք բացարկ կհայտնեն: Այսօր դատավորի նման աշխատելաոճը շարունակվեց, ինչի արդյունքում հայցվորները բացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին, որը, սակայն, մերժվեց։ Նաիրիտցիների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը, չնայած մերժմանը, կարծում է, որ սրանից հետո դատավորն ավելի զուսպ կլինի և գործի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չի ցուցաբերի։
Դատական նիստից հետո գործարանի աշխատակիցները գնացին ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատախազ Արթուր Դավթյանին դիմում հանձնելու համար: Նրանք դիմումի մեջ նշել են, որ պաշտոնատար անձանց թողտվությամբ կատարվել են խոշոր չափի չարաշահումներ, ուստի խնդրում են դատախազին՝ դիմումն ընդունել որպես հայտարարություն և կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ՝ գործարանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: Գործարանի համակարգող խմբի անդամները ԼՈւՐԵՐ.com-ին տրամադրել են դիմումի ամբողջական տարբերակը:
ՀՀ գլխավոր դատախազ
Պրն․ Արթուր Դավթյանին
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի
նախկին աշխատակիցներից
ԴԻՄՈՒՄ
Ձեզ են դիմում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվի անդամները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն այսօր գտնվում է սնանկության գործընթացում, իսկ ՀՀ կառավարությունը որևէ քայլ չի կատարում Նաիրիտի վերագործարկման ու առողջացման հարցում, ինչն իր հերթին նշանակում է՝ որևէ հույս չկա, որ Նաիրիտը կաշխատի, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը ՀՀ կառավարության որոշ պաշտոնատար անձանց թողտվությամբ կատարել է խոշոր չափի չարաշահումներ, ուստի խնդրում ենք Ձեզ մեր դիմումն ընդունել որպես հայտարարություն և կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ գործարանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:
Այսպես, օրինակ՝ 2009թ․ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը ՀՀ կառավարության համաձայնությամբ շուրջ 10 մլն. դոլար վարկային միջոցներով ձեռք բերել Միջպետբանկում գրավադրված «Մեգատեքս» ընկերության բաժնետոմսերը ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահեստային տարածքների ընդլայնման և արտադրվող արտադրանքի պահեստավորման համար» հիմնավորմամբ:
Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ կառավարության համապատասխան ներկայացուցիչը, ով հանդիսանում է տնօրենների խորհրդի անդամ, տվել իր համաձայնությունը՝ լավ իմանալով, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում գտնվող պահեստային տարածքներում կարելի է պահեստավորել յուրաքանչյուր ամիս շուրջ 5000 տոննա արտադրանք, և այն, որ գործարանը յուրաքանչյուր ամիս կարող էր արտադրել առավելագույնը 1000 տոննա կաուչուկ:
Անհասկանալի է նաև այն, որ բաժնետոմսերի ձեռք բերումից շուրջ հինգ ամիս անց նույն բաժնետոմսերը գրավ են դրվում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ- ում, որի դիմաց ստացվում են ընդամենը 900 հազ. դոլլար գումար՝ աշխատավարձերի վճարման համար:
Գտնում ենք, որ միայն այս գործարքով կատարվել է գործարանի ֆինանսական միջոցների շուրջ 10 մլն դոլարի վատնում: Բացի այդ տեղեկացնում ենք Ձեզ, որ 2009թ․ առաջին կիսամյակում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ստացել է շուրջ 35 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց, որը պետք է ուղղվեր գործարանի վերազինմանը, բայց անհասկանալի պատճառով ուղղվել է բաժնետիրոջ և ինչ-որ դանիական ֆինանսական ընկերության պարտքի մարմանը:
Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ 2009 թ․ մայիս ամսին Նաիրիտ գործարանում եղավ խոշոր վթար, ինչի պատճառով եղան մարդկային զոհեր: Գտնում ենք, եթե այդ վարկային միջոցներն ուղղվեին ըստ նպատակի՝ գործարանի վերազինմանը, ապա վթարը և մարդկային զոհերը չէին լինի: Եվ այս ամենը կատարվել է ՀՀ կառավարության թողտվության կամ էլ հովանավորչության ներքո:Նմանատիպ չարաշահումներ «Նաիրիտ»՞ գործարանում եղել են շատ անգամներ, որոնց մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Մենք գտնում ենք, որ գործարանը հայտնվել է այս իրավիճակում հենց այդ չարաշահումների պատճառով:
Հաշվի առնելով վերագրյալը՝ խնդրում և պահանջում ենք մեր այս դիմումն ընդունել որպես հայտարարություն և համարել հիմք քրեական գործ բացելու և մեղավորներից գումարները գանձելու համար, որի արդյունքում այդ միջոցները կարող են ուղղվել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ին ներկայացված Նաիրիտ գործարանի վերագործարկման ծրագրի կատարմանը։
Հարգանքներով՝
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներ
Քրիստինա Աղալարյան