Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հարցազրույց է տվել ռուսական Ինտերֆաքս գործակալությանը, որում խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին Երևանի դիրքորոշման, Մոսկվայի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի՝ իր անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին:
Դեսպանը բացահայտ հայտարարել է, որ անվտանգության սպառնալիքի դեպքում Երևանը Իսկանդերները կկիրառի առանց Մոսկվայի հետ համաձայնության: Անշուշտ, զենքը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ, հետևաբար, դրա ղեկավարումն իրականացնելու է Հայաստանը:
Չնայած նրան, որ մենք Ռուսաստանի հետ համատեղ ռազմական միավորում ունենք, համատեղ ՀՕՊ համակարգ ունենք, միևնույն է, եթե խոսքը այնպիսի զենքի կիրառման մասին է, որը գտնվում է մեր տրամադրության տակ, ապա այն կիրառվելու է հայկական կողմի որոշմամբ: Չնայած այս հարցը բուռն քննարկման առարկա է դարձել հարևան Ադրբեջանում: Ալիևը ջանք չի խնայում սեփական հանրությանը համոզելու համար, որ իրականում այդքան սարսափելի համարվող Իսկանդերի բանալին ռուսների ձեռքում է, իսկ Հայաստանին զենքը զուտ բուտաֆորիայի համար է փոխանցվել:
Իհարկե, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկ անգամ չէ, որ նման արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում արձանագրել են ՝ այս հարցում Հայաստանի կողմից ինքնուրույն գործելու նպատակադրվածությունը:
Իրավիճակի նրբությունը կայանում է նրանում, որ ՌԴ պատկան մարմինները երբեք չեն հայտարարել, որ Իսկանդերները ամբողջությամբ մեր ենթակայության տակ են: Ու թեև ռուսական կողմը որևէ կերպ չի արձանագրել այդ իրողությունը՝ համենայնդեպս բարձր մակարդակում, ինքնին մեսիջ է այն, որ ՌԴ-ում մեր դեսպանը այդ հավաստիացումը տալիս է հենց Մոսկվայից. Սա հավելյալ ակցենտ է, որին ադրբեջանական մամուլն էլ աձագանքեց:
Այսինքն, եթե ռուսներն իրենց երկրում ՀՀ դեսպանի խոսքերը որևէ կերպ չհերքեցին, հետևաբար ադրբեջանցիների համար շատ ավելի իրատեսական է համարվում, որ հենց մենք ենք որոշելու Իսկանդերները ինչպես տնօրինել: Այս տեսանկյունից հարկ է արձանագրել նորանշանակ դեսպանի ակտիվությունը՝ իր նախորդի համեմատ և Ադրբեջանին բավականին անհարմար դրության մեջ դնող հայտարարության հնչեցումը Ռուսաստանի մայրաքաղաքից… Բաքուն կարծես թե լուրջ մտորումների առիթ է ստացել…
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ