«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշեց այնուամենայնիվ օգտվել խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու իր իրավունքից եւ երեկ երեկոյան արդեն դիմում ներկայացրեց նշված ատյան:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ճեպազրույցում հայտարարել էր, որ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ ՍԴ ներկայացված իրենց դիմումի մեջ շեշտը դրել են երեք խումբ ընտրախախտումների վրա՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք եւ քվեարկությունը վերահսկելու մեխանիզմների կիրառում:
Արամ Մանուկյանի հավաստմամբ, ՍԴ ներկայացված իրենց փաթեթը բավական ծավալուն է: Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ այդ ծավալուն փաթեթից, ՀԱԿ ներկայացուցիչները որպես օրինակ վկայակոչում են միայն ՍԱՍ-ում կայացած հայտնի ժողովը, որի ձայնագրությունները, ինչպես գիտենք, հրապարակվել էին շատ ավելի ուշ, քան ՀԱԿ-ը կազմել էր իր ծավալուն փաթեթը: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ի փաստարկային բազան շատ ավելի խղճուկ է, քան դա փորձում են ներկայացնել կոնգրեսականները:
Այսինքն, ստացվում է, որ ՀԱԿ-ը երկրորդ անգամ սկսում է մի գործընթաց, որտեղ իր հաղթելու շանսերը նույնքան են, որքան մեր ֆուտբոլի հավաքականի շանսերը՝ հաղթել Մունդիալում: Ինչո՞ւ է ՀԱԿ-ը երկրորդ անգամ նույն գետը մտնում: Պատասխանը թերևս մակերեսի վրա է, ընտրություններում ՀԱԿ-ին բաժին հասավ ձայների ընդամենը մեկ տոկոսը, ինչը դիտարկվեց ոչ այնքան որպես քաղաքական ուժի, որքան քաղաքական թեզի ձախողում:
Թե որ թեզի մասին է խոսքը, կարիք չկա հիշեցնել: Արցախյան հարցի կարգավորման սեփական և բավականին յուրօրինակ տարբերակը հանդիսանում էր այս ընտրություններում ՀԱԿ-ի նու-հաուն, որը փաստացի ձախողվեց: Այժմ ՀԱԿ-ը՝ մտնելով հետընտրական գործընթացների մեջ, փորձում է փրկել ոչ այնքան իր քաղաքական դեմքը, որքան ռեաբիլիտացիայի ենթարկել Տեր-Պետրոսյանի մոտեցումը արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
ՀԱԿ-ի նպատակն է ապացուցել, որ իրականում մեր հանրության շրջանում շատ ավելի մեծ թվով մարդիկ էին կողմ հողը հանձնելու և առոք-փառոք ապրելու գաղափարին, պարզապես ընտրակեղծիքները, չարաշահումները և դե իհարկե…ՍԱՍ-ի Արտակը թույլ չեն տալիս օբյեկտիվորեն արտացոլել այդ «շռնդալից» թիվը…
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ