ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է Ջրվեժում 35-ամյա տղամարդու սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ 2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Երևան քաղաքի 35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով:
Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ նշված բնակարանում͵ որտեղ սպանվել է տղամարդը͵ վարձակալական հիմունքներով բնակվել է 42-ամյա մի կին, պարզվել վերջինիս ինքնությունը և նրա առնչությունն սպանված տղամարդու հետ։
Քրեական գործով որպես կասկածյալ ձերբակալվել էր 42-ամյա կինը։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չի հիմնավորվել կնոջ մասնակցությունը կատարված սպանությանը,բավարար ապացույցներ ձեռք բերվել սպանությունը կնոջ անչափահաս որդու կողմից կատարված լինելու վերաբերյալ, և ձեռք բերված ապացույցների հիման վրա ՝ 17-ամյա տղան ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով նույնականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: