Հատկապես վերջին տարիներին, երբ երկրում աշխատատեղերի տոտալ կրճատում տեղի ունեցավ, երբ աշխատանք գտնելը դարձավ ուղղակի անհնարին, հայ հասարակության համար տաքսիստի մասնագիտությունը ձեռք բերեց մի փութ ոսկու գին. շատերը, չկարողանալով ինքնադրսևորվել հանրային կյանքի այլևայլ ոլորտներում, ստիպված մասսայաբար սկսեցին տաքսի վարել՝ գոնե հացի փող աշխատելու հույսով:

Պարզվում է, սակայն, Հայաստանում այս դաշտում ևս խնդիրներն անպակաս են. անհատ տաքսու վարորդները կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով հավասարություն օնլայն աշխատող տաքսիների դաշտում. դրանք աշխատում են առանց լիցենզիայի այն պարագայում, երբ մյուսներն ուղղակի հարկադրված են լիցենզիա ձեռք բերել: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, սակայն, պարզվում է սույն խնդրի վերաբերյալ սեփական տեսակետն ունի. կարծում է, որ անհատ տաքսիստներն ամենևին էլ արդարացիորեն չեն բողոքում:

Այն, որ այս խնդրի լուծումն ու դաշտում հավասար մրցակցային պայմանների ապահովումը սոցիալական նշանակության կարևորագույն հարց է, ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել: Պարզապես այստեղ հարցական է մնում նախարարի հանգիստ վերաբերմունքն այն պարագայում, երբ խնդիրն այս ուղղակիորեն առնչվում է հազարավոր քաղաքացիների. փաստորեն նախարարությունը չի խոստովանում խնդրի ռեալ առկայությունն ու պահանջը համարում է ոչ արդար, ինչն, ըստ էության, պատասխանատվությունից խուսափել է նշանակում, որ չի կարող արդարացված համարվել:

Ակնհայտ է՝ եթե Հայաստանում տաքսի քշելն էլ այլևս եկամտաբեր չլինի, ապա արտագաղթի հերթական հուժկու ալիքն ապահովված է լինելու. շատերը կնախընտրեն Մոսկվայի փողոցները, քան՝ քաղաքամայր Երևանի, քանի որ այնտեղ գոնե այդ գործը որոշակի եկամտաբերություն ապահովում է, այնինչ այստեղ արվում է ամեն ինչ՝ այդ ոլորտը ևս մոնոպոլիզացնելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ