Այսօր՝ ապրիլի 21-ին մեկնարկեց Երևան քաղաքի ավագանու 3-րդ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կշարունակվի մինչև մայիսի 12-ը` ներառյալ, որի ընթացքում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը մայրաքաղաքի բնակիչներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը: Իսկ ընտրությունները կկայանան 2017 թվականի մայիսի 14-ին և այդ օրը Երևանի բնակիչները կընտրեն մայրաքաղաքի քաղաքապետին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը, և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակի առաջին համարն ու քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է, ով վերջերս է ստեղծել է իր քաղաքական ուժը:
ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Հանուն Երևանի» կարգախոսով, «ԵԼՔ» դաշինքն՝ «Երևան ջան, ելք կա» կարգախոսով, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում ինչպես կուսակցության կարգախոսը, այնպես էլ նախընտրական ծրագիրը կհրապարակի նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը՝ այսօր:
Նշենք, որ մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (6% կուսակցությունների համար և 8% կուսակցությունների դաշինքների համար):
Ընտրությունների անցկացման համար Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով: Առաջին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, երկրորդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, երրորդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, չորրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը, հինգերորդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, վեցերորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, յոթերորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, ութերորդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, իններորդը՝ Նորք Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները, տասներորդը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները:
Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս պահի դրությամբ գրանցվել է դիտորդական առաքելություն իրականացնող մեկ հասարակական կազմակերպություն՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ն (147 դիտորդ): Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար կարող են ԿԸՀ դիմել մինչև ապրիլի 29-ը` ներառյալ:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկատվություն է ներկայացրել Երևանում ընտրողների թվաքանակի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող:
Սոնա Հարությունյան