Եվս մի քանի շաբաթ, ու Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի զբոսաշրջության սեզոնը: Ճիշտ է' դժվար է ասել, թե Հայաստանյան պայմանները որքանով են համապատասխանում ամառային հանգստի համար սահմանված համաշխարհային գոնե նվազագույն չափանիշներին, բայց փաստը մնում է փաստ, որ եղանակների տաքացման հետ մեկտեղ է միայն սկսվում այստեղ, այսպես ասած, զբոսաշրջային բումը: Ի դեպ՝ այդ «բումի» վերաբերյալ թվերը միշտ չափազանց խոսուն են լինում, և, ընդհանրապես, եթե հավատալու լինենք պարբերաբար ներկայացվող վիճակագրություններին, ապա պետք է ընդունենք, որ Հյաստանում տուրիզմի զարգացումն արդեն երկար տարիներ է, ինչ յոթ մղոնանոց քայլերով է տեղի ունենում, իսկ թե ինչու այդ յոթ մղոնանոց քայլերն այդպես էլ ոչ մի կերպ չեն արտացոլվում տնտեսության վրա, ա՛յ դա արդեն մնում է կառավարության փոքրիկ գաղտնիքը, որով վերջինս ոչ մի կերպ չի կամենում կիսվել հանրության հետ:
Մեզանում սովորաբար ընդունված է զարգացած տուրիզմ ունենալու վերաբերյալ դատողություններ անել դրանից ստացվող ուղղակի եկամուտների դիտանկյունից' պարզ տրամաբանությամբ. որքան շատ օտարերկրացի գա Հայաստան, այնքան կաշխուժանա առևտուրն, ինչն էլ իր հերթին կծաղկեցնի տնտեսությունը, երկրում կավելանա տարադրամի քանակը: Սակայն քչերն են տուրիզմի զարգացման կարևորությունը դիտարկում մեկ այլ' շատ ավելի խորքային տեսանկյունից' Հայաստան՝ օտարերկրյա ներդրումներ բերելու: Բանն այն է, որ Հայաստան որպես տուրիստ այցելող հազարավոր օտարերկրացիների շարքերում քիչ չեն նաև նրանք, ովքեր գործարարությամբ են զբաղվում և կարող են պոտենցիալ ներդրողներ լինել: Ճիշտ է' դժվար թե, ասենք, խոշոր եվրոպացի բիզնեսմենները նախընտրեն իրենց թանկագին հանգստի հաշված օրերն անցկացնել մեր երկրում, սակայն հաստատապես՝ Հայաստան ժամանողների մեջ կլինեն նաև մարդիկ, ովքեր թեպետ խոշոր գործարարներ չեն, սակայն ձեռնարկատիրական ոլորտում իրենց տեղն ու դիրքն ունեն: Սովորաբար, նման մարդիկ այս կամ այն երկիրն այցելելիս այն դիտարկում են ոչ այնքան շարքային տուրիստի, որքան գործարարի աչքերով ու եթե տվյալ երկիրը գրավիչ են համարում, ապա չեն վարանում նաև այդտեղ ներդրումներ կատարել. նոր շուկաների փնտրտուքը գործունյա մարդկանց բնավորության ջիղերից է հանդիսանում:
Իսկ սա նշանակում է մեկ բան՝ որքան գրավիչ է քո երկիրը զբոսաշրջիկների աչքին, այնքան մեծանում է օտարերկրացիների կողմից այստեղ կատարելիք ներդրումների հավանականությունը. տուրիստական զարգացած ենթկառուցվածքները լավագույն ինքնագովազդի միջոցն են:
Հարց՝ ի՞նչ է այսօր Հայաստանն առաջարկում զբոսաշրջիկին, կամ որքանո՞վ է մեր երկիրը հարմարավետ զբոսաշրջիկների համար: Պատասխանն առավել քան ակնհայտ է. իրավիճակն ուղղակի աղետալի է: Միայն հասարակական զուգարանների տոտալ բացակայությունը բավական է, որպեսզի օտարերկրյա զբոսաշրջիկը հիասթափվի մեր երկրից: Էլ չենք խոսում ճանապարհների անբարեհույս վիճակի մասին…
Իրականում զբոսաշրջությունը մի ոլորտ է, ուր ներդրված ամեն մի լուման գրեթե մշտապես իրեն արդարացնում է. աշխարհի բազմաթիվ երկրների փորձը հենց դա է հուշում: Ճիշտ է'դժվար թե մեզ երբևիցե հաջողվի գերազանցել Վրաստանի գրանցած ցուցանիշները, սակայն ճիշտ հաշվարկի դեպքում՝ կարելի է արդյունքներ գրանցել. Հայաստանն օբյեկտիվորեն ունի ներուժ՝ դառնալու տուրիստական կենտրոններից մեկը տարածաշրջանում:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ