«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը թեև գնալով ավելի է միջազգայնացվում, բայց, պետք է նշեմ, որ տարբեր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումներն ավելի շատ քաղաքակրթական, մշակութային և բարոյական դաշտից են, այդ ճանաչումները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը կբերեն միայն այն ժամանակ, եթե Թուրքիայի շուրջ աշխարհակարգ փոխվի, և Թուրքիան հայտնվի խնդիրների մեջ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ շեշտելով, որ գերտերությունները պետք է Թուրքիայի շուրջ հավասարակաշռությունը փոխեն, որից հետո կարող ենք ականտես լինել հայկական հարցի վերջնական լուծման, ինչն իրենից ենթադրում է մեր պատմական հայրենիքի վերադարձ:
Արդյոք Հայաստանն իր արտաքին քաղաքականությամբ կարող է նպաստել, որ Թուրքիան հայտնվի խնդիրների մեջ հարցին, քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր երկրի ներկա սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, բարոյական իրավիճակների վրա, ինչը շատ է մեզ թուլացնում: Որպեսզի կարողանանք հարց լուծել, պետք է ուժեղ պետություն լինենք: Հիմա մենք պոտենցիալ չունենք հայկական հարցի լուծման համար, հակառակ դեպքում, եթե այդ պոտենցիալը կա, թող այն ծառայեցնեն Արցախի հարցի լուծման համար: Հայկական հարցի լուծումը մեզանից պահանջում է լինել ուժեղ, կազմակերպված, քաղաքակիրթ, իրավական, դեմոկրատական պետություն: Հենց այսպիսի պետությունների հետ է աշխարհը համագործակցում և հաշվի նստում»:
Սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան արդյո՞ք հայկական հարցի լուծման հարցում կդառնա առավել ագրեսիվ՝ շարունակելով խորացնել ժխտողական քաղաքականությունը, հարցին ի պատասխան Հայկ Սուքիասյանը նշեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նախագահական համակարգով անցնում է Թուրքիան առավել արագ կազմակերպելու և մոբիլիզացնելու գործին. «Թուրքիան դառնալու է ավելի ագրեսիվ և ավելի հետևողական Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում: Սրա դիմաց մենք ունենք խորհրդարանական կառավարման համակարգին անցած, ռեյտինգային «գիգանտներ»-ով Հայաստանի Հանրապետություն, որի պոտենցիալը այս պահին թույլ է: Ուստի, Թուրքիայի հետ կարող ենք խոսել միայն այն դեպքում, եթե ունենանք ուժեղ պետականություն: Այսօրվա Հայաստանն իր հավաքական պոտենցիալով, ցավոք սրտի, այդ ուժը չունի: Պետք է պետականությունը կարգի բերել, իսկ մյուս հարցերը օբյեկտիվորեն կլուծվեն»:
Դոնալդ Թրամփի կողմից Ցեղասպանություն եզրույթի արտաբերումն ու դրա հետևանքն ու ազդեցությունը գնահատելով՝ քաղաքագետը հավելեց, որ ամեն անգամ ԱՄՆ նորընտիր նախագահների հետ մենք հույսեր ենք կապում, բայց պետք է ռեալ գիտակցել, որ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե գերտերություններն իր գլխավորությամբ որոշեն Թուրքիային պատժել. «Թուրքիան պետք է հայտնվի շրջանակների մեջ, և ԱՄՆ-ն ցեղասպանությունը կճանաչի, եթե դա այդ պահին բխի իր պետության շահերից և աշխարհակարգի տրամաբանությունից: ԱՄՆ-ն կճանաչի, եթե որոշի պատժել Թուրքիային: Եթե նման բան լինի, Հայաստանն այդ պահին պետք է լինի այնքան ուժեղ և կազմակերպված, որ կարողանա ճիշտ պահն օգտագործել՝ հոգուտ իր խնդրի լուծման, ուստի մեր հավաքական պոտենցիալը պետք է ուժեղացնենք՝ հարմար պահին սպասելով»:
Աղավնի Սուքիասյան