Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցում էր նաև «Հայ աճպարարների միության» նախագահ, պրոֆեսիոնալ աճպարար Վարդան Ամիրյանը:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինս հույս հայտնեց, որ այս հանրահավաքներով հնարավոր է երկրում ինչ-որ բան փոխել, քանի որ ժողովուրդն արդեն հաղթողի ոգի ունի:
«Հեղափոխության հույսով ժողովրդի հավաքին եմ մասնակցում, վաղուց էի սպասում սրան: Առանց հեղափոխության այլևս հնարավոր չէ, մենք բոլորս ժողովրդի կողքին ենք, ժողովրդի պես ենք մտածում: Ինչպես իր ելույթում ասաց Վարդան Պետրոսյանը, եթե մենք հոգով փոխվել ենք, մտովի փոխվել ենք, հաղթել ենք մեր հոգու մեջ, մեր մարմնով, իհարկե, կհասնենք դրան: Ժողովրդին դա էր պակասում, սա էր մեզ պակասում: Արդեն ժամանակը եկավ, որ ժողովուրդը պետք է մտածի հեղափոխության մասին, չնայած արդեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ և արդեն իսկ մեծ ձեռքբերում է»,-ասաց Վարդան Ամիրյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ինքն այլևս չի կրելու «Ժառանգության» տարբերանշանը, քանի որ սա արդեն ժողովրդի պայքարն է:
-Կարծում եք՝ ժողովուրդն արդեն հոգով հաղթանակա՞ծ է։
-Շատերս էինք մտածում, թե ժողովուրդն արդեն հիասթափված է, թե արտագաղթել են երկրից, էլ մարդ չմնաց, ով պետք է պայքարեր, բայց պարզվում է՝ այդպես չէ, պայքարող շատ մարդ կա:
-Իսկ այն մարդի՞կ, ովքեր չընտրեցին Րաֆֆի Հովհաննիսյանին։
-Դրա մասին բոլորս բացահայտ գիտենք, այդ ձայների մասին գիտենք, այդ տեսակի ֆոկուս չի լինում: Աճպարարությունը մասնագիտություն և արվեստ է, որտեղ գաղտնիքը մնում է գաղտնիք, դրա մասին ոչ ոք չգիտի՝ այդ կերպ մարդու համար դառնում է հետաքրքիր, բայց այս աճպարարությունը, որ արեց իշխանությունը, ակնհայտ էր բոլորի համար: Ոչ մի գաղտնիք չմնաց, որ հետաքրքրություն թողեին, որ հավատայինք: Ամեն ինչը բացեիբաց արվեց մեր աչքի առջև: Այստեղ ահա սկսում ես մտածել քո ապագայի, երեխաներիդ, թոռներիդ ապագայի մասին: Հայաստանը պետք է ապագա ունենա, Հայաստանը պետք է դառնա օրինակելի երկիր այլ պետությունների համար, որովհետև մենք ունենք այդ հնարավորությունը, մենք շնորհքով, տաղանդավոր ազգ ենք:
-Իսկ այն ծրագիրը, որ կա Ազատության հրապարակում, ունա՞կ է հեղափոխության:
Իհարկե կարող է։ Բանն այն է, որ այս ծրագրի գլխում կանգնած է մի մարդ՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ով ազգասեր, ազգի մասին մտածող մարդ է, մարդ, ով պետք է այս ազգին, և պետք է գար այն ժամանակը, երբ ինքը կառաջնորդեր այս ազգին: