Թուրքիայից Հայաստան ժամանած Հովհաննես Օհանյանն այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում էր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. «Ես Դիարբեքիրից իմ մեքենայով Հայաստան եմ եկել հատուկ այս օրն, այս ժամին այս բարձունքում կանգնելու և խոնարհվելու ցեղասպանված իմ ժողովրդի առաջ»:
Հովհաննեսը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց, որ Թուրքիայում ապրելով, իր ընտանիքը ստիպված է եղել իսլամ ընդունել և հրաժարվել իր արմատներից, սակայն վերջին տարիներին հրաժարվել է իսլամից, ընդունել քրիստոնեությունը՝ հրաժարվելով ծպտյալ հայի կենսակերպից. «Տունս Սուրբ Կիրակոս եկեղեցու հարևանությամբ է, ընտանիքիս հետ հաճախ եմ այցելում եկեղեցի, քրիստոնյա եմ և եկել եմ այստեղ իմ հարգանքը մատուցելու թուրքական պետության կողմից կոտորված իմ հայրենակիցների հիշատակին»:
Խոսելով Թուրքիայում տիրող մթնոլորտի մասին՝ Հովհաննես Օհանյանը նշեց, որ Էրդողանն ատում է բոլոր փոքրամասնություններին՝ այդ թվում և հայերին: «Էրդողանը Թալեաթ փաշայի նման է և նրան ատում են անգամ թուրքերն ու թուրք հասարակության զգալի մասը: Հայաստանն ինչ կարող էր՝ արել է, հիմա համաշխարհային հասարակության հերթն է, նրանք պետք է պարտադրեն Թուրքիային՝ ներողություն խնդրել հայերից և վերադարձնել մեր պատմական հայրենիքը»,-ասաց Հովհաննես Օհանյանը:
Աղավնի Սուքիասյան