Հայաստանում և սփյուռքում հայ հանրության զգալի մի հատվածի համար ապրիլի 24-ը հիշատակի օրից զատ՝ յուրահատուկ սպասման և ակնկալիքի օր է հանդիսանում: Շունչներս պահած՝ սպասում ենք հատկապես օվկիանոսից այն կողմ արված հայտարարություններին: Եվ ամեն անգամ՝ բախվելով աշխարհաքաղաքական իրականությանը, ստիպված ենք լինում հիասթափվել: Մեր հիասթափության պատճառն, ակներև, հենց մեր մեջ է:

 

Անշուշտ, ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփից ակնկալիքներն այդքան էլ մեծ չէին, հաշվի առնելով, որ վերջինս երբևէ չի անդրադարձել հայերին հուզող խնդիրներին և նույնիսկ հանդես չի եկել Ցեղասպանությունը ճանաչելու խոստումով: Բացի նրանից, որ Թրամփին առանձնապես չեն հետաքրքրում Հայաստանը և հայությունը, կարելի է առանձնացնել պատճառների մի ամբողջ շարք, թե ինչու Թրամփից ճանաչում ակնկալել պետք չէր: Նախագահի պաշտոնը ստանձնելուց ևեթ պարզ էր, որ Թրամփը Թուրքիայի վարչակազմի հետ ստեղծելու է սերտ բարիդրացիական հարաբերություններ:

 

Սրա պատճառներից մեկը Էրդողանի՝ Սիրիայի հարցում օգնելը հաշվի առնելը և ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ընդգրկելու պլանների հետ է կապված: Եվ պատահական չէ, որ հանրաքվեի արդյունքները հայտնի դառնալուն պես՝ Թրամփը Թուրքիայի նախագահին հեռախոսազանգով շնորհավորեց: Մյուս կողմից՝ Թրամփը Թուրքիայում երբեմն բիզնեսի նախագծեր է իրականացրել եւ Թուրքիայի բիզնեսմենների հետ լավ հարաբերությունների մեջ է:


ԱՄՆ հայկական համայնքը և հայկական լոբբին մշտապես ակտիվ պայքար է մղել այս երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Սակայն վերջին շրջանում որոշակի հուսախաբություն է նկատվում անգամ այս ճամբարում: ԱՄՆ նախագահների թեկնածուների, այնուհետև՝ նախագահների կողմից տրված, սակայն իրականություն չդարձած խոստումներն իրենց հետքն են թողել նաև հայկական համայնքի պայքարի թափի վրա: Այս ամենը քաջ գիտակցում է ամերիկյան քաղաքական վերնախավը, որը դադարել է դիտարկել ճանաչման խնդիրը՝ իբրև հայերից քվե ստանալու միջոց: Սա նշանակում է, որ հայկական համայնքը պետք է որոշակի եզրահանգումների գա և համապատասխան դասեր քաղի:


Միայն մեր վերաբերմունքի փոփոխությունը ամերիկյան կառավարման համակարգի հանդեպ և այդ համակարգից մեր պահանջների վերանայումը կհանգեցնի մեզ համար ձեռնտու իրավիճակի ձևավորմանը: Մի իրավիճակ, երբ ամերիկյան զանազան քաղաքական խմբեր՝ իրենք ստիպված կլինեն առաջարկներով հանդես գալ և ստեղծել հայ համայնքի հետ համագործակցության նոր և ավելի արդյունավետ ձևաչափ: Միայն այդ ձևաչափի ստեղծումը կարող է հնարավորություն տալ պահանջներ ներկայացնելու ամերիկյան «իսթեբլիշմենթին» և վստահ լինել, որ այդ պահանջները, առնվազն, կլսվեն: Այդ ձևաչափի շնորհիվ մենք կունենանք առավել հստակ փաստարկներ: Երբ փաստարկը կոնկրետացվում է, այն արդեն ստանում է քաղաքական եւ աշխարհաքաղաքական իմաստ, հետեւաբար, չի երաշխավորվում, բայց զգալիորեն մեծանում է այդ փաստարկի միջազգային արձագանքի հավանականությունը՝ եթե ոչ արագ, անմիջական, ապա գոնե դիտարկման, ունկնդրելու եւ տեսանելի ապագայում արձագանքի հավանականությունը: Հակառակ պարագայում՝ մենք երբեք դուրս չենք գա այս փակ շրջանից, որտեղ հույսին հաջորդում է հիասթափությունը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ