2009 թվականի օգոստոսի 24-ին հրապարակվեց Փաստահավաք խմբի անդամներ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի և Ժառանգության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը բացահայտում էր 2008-ի մարտի 1-ի իշխանության կազմակերպած և իրագործած հրեշավոր գործողության նախապատրաստական դրվագներից մեկը, որում ուղղակի մասնակցություն է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ստորև ներկայացնում ենք զեկույցն առանց մեկնաբանության:

Զեկույց

Առաջնորդվելով 2009թ. Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին՚ թիվ 1677 բանաձևի 8.1 կետով' ՀՀ նախագահի 2008 թ. հոկտեմբների 23-ի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը (այսուհետև զեկուցողներ) որոշեցին մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ներգրավման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին:

2008թ. դեկտեմբերի 15-ին Հայ ազգային կոնգրեսը Փաստահավաք խմբին ներկայացրեց փաստաթուղթ, որում ուղղակիորեն մատնանշված են հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ և չորս պատգամավորներ, որոնց' ըստ ներկայացնողի, մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ և 140 հատ գլխարկներ (տես' հավելված 1-ին):

Հայ ազգային կոնգրեսը պնդում էր, որ այդ տեղեկատվությունը ստացվել է հավաստի աղբյուրից, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր բացահայտում տեղեկատվության աղբյուրը: Միաժամանակ Հայ ազգային կոնգրեսը համոզված էր, որ նշված զինվորական համազգեստը օգտագործվել է փաստաթղթում նշված պաշտոնյաների և պատգամավորների կողմից մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով ստեղծված օրենքով չնախատեսված զինված միավորումներին հանդերձավորելու նպատակով:

Հայ ազգային կոնգրեսի կողմից ստացված տեղեկատվությանն ի պատասխան Փաստահավաք խումբը, հաշվի առնելով խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի երկարատև փորձը ՀՀ պաշտպանության նախարարարության բարձր պաշտոններում, հանձնարարել էր նրան մշակել գործողությունների պլան' ստացված տեղեկատվությունը պատշաճ ստուգելու նպատակով:

Գործողությունների պլան

Անդրանիկ Քոչարյանի առաջարկությամբ 2009թ. փետրվարի 12-ին Փաստահավաք խումբը ողջ կազմով' նախագահ Վ.Ստեփանյան, անդամներ Գ.Թովմասյան, Ա.Քոչարյան, Ս.Սաֆարյան, Ռ.Ավագյան, որոշում է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության իրային պահեստ' նպատակ ունենալով պարզել մարտի 1-ին վերը նշված քանակի զինվորական համազգեստի ապօրինի դուրս բերման փաստը: Ընդ որում, միջոցառման արդյունավետության նպատակով Ա.Քոչարյանի պնդմամբ այցելությունը կրել է անակնկալ բնույթ: Փաստահավաք խմբի ղեկավար Վ.Ստեփանյանին միայն ավտոմեքենայի մեջ, ճանապարհին է հայտնվել մեկնման նպատակակետը և պահեստի ելքի մատյանում նշված այն սպայի տվյալները, որի անվամբ դուրս է գրվել համապատասխան 950 հատ զինվորական կոստյումները և 140 հատ գլախարկները:

Անդրանիկ Քոչարյանը Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանին ավտոմեքենայի մեջ նաև տեղեկացրել է, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացված փաստաթղթում մատնանշված քանակի համազգեստը, ըստ հավաստի, սակայն բացահայտման ոչ ենթակա աղբյուրի պնդմամբ, դուրս է գրվել ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստից' թիվ 93353 զորամասի իրային ծառայության պետ Հարութ Բարսեղյանի անվամբ:

Փաստահավաք խումբը ծրագրել էր ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստում պարզաբնումներ ստանալուց հետո նաև մեկնել թիվ 93353 զորմաս' նշված քանակի զինվորական համազգեստի մուտքը պահեստ պարզելու համար:

Ծրագրավորած խոչընդոտներ Փաստահավաք խմբի առաջ

Ժամանելով ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստ' Փաստահավաք խումբը արձանագրեց, որ այն կողպված է: Ուշագրավ էր այն հանգամանքը, որ Փաստահավաք խմբի անդամների անակնկալ այցը դիմավորեց ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային ծառայության պետ' գնդապետ Նորիկ Յոլչյանը, որի աշխատավայրը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի շենքում է: Վերջինս արգելեց Փաստահավաք խմբի անդամների մուտքը պահեստ հանդիսացող զորամասի տարածք' պատճառաբանելով, որ այդ հարցը պետք է համաձայնեցվի վերադասի հետ:

Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը գնդապետ Ն.Յոլչյանին ներկայացրեց խմբի ստեղծման վերաբերյալ ՀՀ նախագահի կարգադրությունը' պահանջելով թույլ տալ խմբի անդամների մուտքը տարածք : Գնդապետ Ն.Յոլչյանը հրաժարվեց ծանոթանալ փաստաթղթին: Ի վերջո, խմբի անդամներին հնարավորություն չընձեռվեց մուտք գործել իրային պահեստ' փաստի պարզաբանման հետ կապված համապատասխան ճշգրտումներ կատարելու համար:

Փաստահավաք խումբը կատարվածի առնչությամբ կազմեց արձանագրություն առ այն, որ տեղի է ունեցել ՀՀ նախագահի' մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նպատակով Փաստահավաք խումբ ստեղծելու 2008թ. հոկտեմբերի 23-ի կարգադրության 5.1 և 7 կետերի խախտում, որով խոչընդոտվել է Փաստահավաք խմբի կողմից իր առջև դրված խնդիրների կատարումը:

Տրված բացատրություններ

Փաստահավաք խումբը որոշեց 2009թ. փետրվարի 13-ին, ժամը 14.30-ին ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանի և իրային ծառայության պետ Նորիկ Յոլչյանի ներկայությունը փաստահավաք խմբի նիստին պարզաբանումներ ստանալու նպատակով: Լսելով վերջիններիս բացատրությունները' Փաստահավաք խումբը պարզված համարեց

- ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանն է կարգադրել թույլ չտալ Փաստահավաք խմբի անդամների մուտքը ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստ: Ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը, այնպես էլ իրային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Յոլչյանը, հղում կատարելով ՀՀ զինվորական կանոնադրությանը, փաստահավաք խմբում հրաժարվեցին ծանոթանալ ՀՀ նախագահի կարգադրությանը' պատճառաբանելով, որ դրան կծանոթանան, եթե այն իրենց մակագրված լինի համապատասխան անմիջական ղեկավարի կողմից:

- Փաստահավաք խմբի անակնկալ այցելության օրը ՀՀ պաշտպանության նախարարության իրային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Յոլչյանը մեկնել էր ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստ' իբր «պլանային ստուգում» իրականացնելու նպատակով:

- Փաստահավաք խմբի տարակուսանքն է առաջացրել, թե ինչպես կարող էր ենթակա զորամասի հրամանատարի բացակայության պայմաններում, ինչպես Փաստահավաք խմբին տեղում ներակայացրել է գնդապետ Նորիկ Յոլչյանը, վերադասը անցկացնել «պլանային ստուգում»:

- Գնդապետ Նորիկ Յոլչյանը հայտարարեց, որ անձամբ է դիմավորել Փաստահավաք խմբի անդամներին, քանի որ զորամասի (պահեստի) հրամանատար գնդապետ Գ. Մաղաքյանը տեղում չի եղել:

- Նույն հարցի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը հայտնեց, որ հրամանատար Գ.Մաղաքյանը եղել է տեղում, սակայն դիմավորել է գնդապետ Ն.Յոլչյանը, քանի որ ըստ զինվորական կանոնադրության, ներկա գտնվելու դեպքում, որպես կանոն, անմիջական վերադասն է կատարում այդ գործառույթը:

- Գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը հայտարարեց, որ նույն օրը իր տեղակալ, գնդապետ Սարգսյանի կողմից «պլանային ստուգում» է անցկացվել նաև թջվ 93353 զորամասում, որտեղ ըստ Փաստահավաք խմբի' պետք է հանձնված լինեին հագուստները, և որտեղ պետք է այցելեին Փաստահավաք խմբի անդամները' իրային պահեստում համապատասխան պարզաբանումներ կատարելուց հետո: Գեներալ-մայոր Տ.Գասպարյանը հայտարարեց, որ Փաստահավաք խմբի անդամների մուտքը թիվ 93353 զորամաս նույնպես արգելվելու էր:

- Փաստահավաք խմբի տարակուսանքն է առաջացնում այն փաստը, որ զինվորական համազգեստների ապօրինի դուրսգրման փաստի ուսումնասիրության առնչությամբ Փաստահավաք խմբի նույնիսկ անակնկալ այցելության ժամանակ, միաժամանակ «պլանային ստուգումներ» են անցկացվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստում, այնպես էլ թիվ 93353 զորամասում և նախապես որոշում է կայացված եղել խախտելով ՀՀ նախագահի կարգադրությունը, արգելել Փաստահավաք խմբի մուտքը նշված տարածքները:

- Փաստահավաք խումբը, չկարողանալով հաղթահարել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստեղծված արհեստական խոչընդոտները, հնարավորություն չունեցավ ուսումնասիրություններ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության, զենքի ու զինամթերքի պահեստներում, պարզելու համար, թե զինվորական համազգեստից բացի փաստաթղթում նշված պաշտոնյաներին և պատգամավորներին սպառազինության այլ հանդերձանք կամ զենք ու զինամթերք հատկացվել է, թե ոչ:

Եզրակացություն

Հիմնվելով վերոհիշյալի վրա' Փաստահավաք խմբի ներքոստորագրյալ անդամները

1. Բացառում են ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանի և իրային ծառայության պետ գնդապետ Նորիկ Յոլչյանի հավաստիացումները, որ իրենք տեղյակ չեն եղել ՀՀ նախագահի կարգադրության մասին, հիմնավորմամբ, որ ՀՀ նախագահի հրամանագրերն ու կարգադրւթյունները պարտադիր կարգով ծանոթացվում են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար ողջ անձնակազմին:

2. Համոզված են, որ Փաստահավաք խմբի անդամների մուտքն այս երկու զորամասերի տարածք արգելելը եղել է միտումնավոր, նախապես ծրագրավորած, քանի որ մատյաններում առկա գրառումների ուսումնասիրությունների արդյունքում պարզ կդառնար, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից Փաստահավաք խմբին ներկայացրած փաստը հավաստի է, և կհիմնավորվեր ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից զինվորական համազգեստի ապօրինի դուրս բերման և 2008թ. մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով իշխանությունների կողմից ստեղծված օրենքով չնախատեսված զինված խմբավորումների գոյության փաստը:

3. Առաջարկում են Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել Հայ ակգային կոնգրեսի կողմից ՀՀ իշխանությունների հասցեին ներկայացրած մեղադրանքի շուրջ:

Անդրանիկ Քոչարյան

Սեդա Սաֆարյան
24 օգոստոսի 2009թ.

Ծանոթագրություն' 1. Խումբն իր նպատակների և խնդիրների իրականացման համար իրավունք ունի' ցանկացած պետական կամ տեղական ինքակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ իրադարձություններին առնչվող անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր:

2. Իր լիազորությունների իրականացման նպատակով Խումբն օգտվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև կազմակերպությունների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց, քրեակատարողական հիմնարկների վարչակազմի մոտ ընդունելության իրավունքից: