Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած Սահմանադրական հանրաքվեի ընթացքում Էրդողանի առաջարկած նախագահական կառավարման համակարգին դեմ քվերակեցին Թուրքիայում ապրող քրդերը:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ քրդերի և Էրդողանի միջև այս տարաձայնությունները կարող են հող նախապատրաստել հայկական պահանջատիրության համար. «Արևմտյան Հայաստանի քրդաբնակ շրջաններում ապրողները դեմ են քվերակել Էրդողանի առաջարկած նախագահական համակարգին: Եթե հարցը դիտարկենք ժողովուրդների կամարտահայտության և ինքնիշխանության տեսանկյունից, ապա, ստացվում է, որ քրդերը քվեարկել են Թուրքիայի անջատման օգտին: Հաշվի առնելով, որ սա յուրատեսակ հանրաքվե էր, որի ընթացքում քրդերը կողմ են արտահայտվել Արևմտյան Հայաստանի քրդաբնակ տարածքները Անատոլիական Թուրքիայից առանձնացնելու օգտին՝ պետք է նշեմ, որ սա մեզ՝ հայերիս համար կարող է ունենալ հետաքրքիր ինտրիգային զարգացում»:
Քաղաքագետի համոզմամբ՝ այս հանգամանքը հաշվի առնելով, Հայաստանն իր բարեկամներով և շահագրգիռ կողմերով պետք է պատրաստվի ցանկացած գործողության, որովհետև Թուրքիան սա մարսել չի կարող:
Հարցին՝ ինչ քայլերի պետք է դիմի Հայաստանը, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Բանակը պետք է կարգի բերել, պետք է խորհրդակցել մեր դաշնակիցների՝ այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Մեզ հիմա ներազգային կոնսենսուս և քաղաքականության արմատական փոփոխություն է պետք, որոնք երկրում համերաշխություն կբերեն: Հետո պետք է պատրաստվել նոր զարգացումների, որոնք, անպայման, կլինեն»:
Քաղաքագետը շեշտում է, որ հայկական կողմի շահերից է բխում Թուրքիայի նախագահ Էրդողանի և Արևմտյան Հայաստանում ապրող քրդերի միջև տարաձայնությունների խորացումը. «Մենք պետք է ամեն կերպ օգնենք, որ քրդերի հակասությունները սրվեն Թուրքիայի հետ, վստահ եմ՝ քրդերը կօգտագործեն այդ հակասությունները, ուստի, պետք է մեր դաշնակիցները պատրաստ լինեն մեզ աջակցելու, քանի որ աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ են սպասվում, որտեղ իրենց անելիքը կունենան նաև գերտերությունները»:
Աղավնի Սուքիասյան