ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պսյմաններում։ Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում։
Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունդը պետք է հրաժարական տա։ Սպասվում է, որ այդ անչափ բաղձալի լուրը մենք Ստրասբուրգից կլսենք հենց վաղը կայանալիք նիստի ընթացքում: Կարիք չկա հիշեցնելու, թե ով է Ագրամունդը և ինչպիսի «հերոսություններով» է հասցրել աչքի ընկնել իր կառավարման կարճ ժամանակահատվածում: Սա մի մարդ է, ով անգամ ապրիլյան պատերազմի օրերին` աչք փակելով իրականության վրա վարձահատույց էր լինում ադրբեջանական խավիարի դիմաց՝ հակահայկական զեկույցներով: Իհարկե, Ագրամունդի զեկույցները որևէ դեր չխաղացին: Իսկ հիմա եկել է ճիշտ ժամանակը, որպեսզի նույն եվրոպացիները ամոթանք հայտնեն ԵԽԽՎ արդեն նախկին նախագահին և պարզապես պահանջեն հեռանալ՝ փրկելու ԵԽԽՎ օրեցօր վատթարացող համբավը:
Սա նաև մեր հաղթանակն է, քանի որ սույն անձնավորության ոչ կոմպետենտության մասին առաջինը բարձրաձայնել է հենց մեր պատվիրակությունը: Կարող ենք արդյունավետ աշխատել, երբ ուզում ենք: Կարող ենք հակազդել ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը ՝ բոլոր ճակատներում` միասնական պայքարով: Ագրամունդի հրաժարականը ազդակ է նաև Բաքվին, որ եկել է ժամանակը վերադառնալ 21-րդ դար և սեփական քաղաքական շահերը առաջ մղել օրինական և ցիվիլ ձևերով: Ինչ-որ բան խաթարվել է Բաքվի խավիարային քաղաքականության մեխանիզմում: Միջազգային մամուլի հեղինակավոր էջերում բացահայտորեն խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսել ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու եւ իրենց համար նպաստավոր ձեւակերպումներ ստանալու համար։
Այդ հարցը կամաց-կամաց սկսում է բացվել։ Սա շատ է ուժեղացնելու Հայաստանի դիրքերը ԵԽԽՎ-ում և շահեկան վիճակ է ստեղծում, մնում է միայն կարողանալ օգտվել ընձեռված հնարավորություններից: Արդեն հայտնի է, որ երեք անդամից բաղկացած միջազգային հանձնախումբ կստեղծվի, որը կքննի, ապա գնահատական կտա ԵԽԽՎ ղեկավարի ու ALDE խմբի ղեկավարի գործունեությանը։ Իսկ սա ենթադրում է, որ առջում ԵԽԽՎ-ն դառնալու է հետաքրքիր զարգացումների թատերաբեմ։
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ