Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը հիացած է հայաստանյան գեղատեսիլ վայրերով: Երեւանի պետական բժշկական համալսարանի հրավերով այս օրերին Հայաստանում գտնվող Դինա Մայրեդը, ով նաեւ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control) նորանշանակ նախագահն է, այցելել էր Գառնի, Գեղարդ: Բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նա սկզբում այցելեց Գեղարդի վանք, ապա Գառնու տաճար, համտեսեց հայկական լավաշ ու պանիր, լսեց հայկական երաժշտություն: Հայաստանի մասին անընդմեջ թարմ տեղեկությամբ հագեցած օրվա ավարտին Հորդանանի արքայադուստրը, ամփոփելով օրը, փաստեց, որ պարզապես աննկարագրելի է, թե ինչքան տպավորված է այս այցից: Թեպետ նա դրական է գնահատում Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի մակարդակը, բայց միեւնույն ժամանակ նշեց՝ դեռ բարելավելու տեղ կա:

 

«Ասեմ, որ իսկապես շատ կրթված բժշկական անձնակազմ կա, ընդհանուր հարմարություններ, բայց այստեղ ենք Հայաստանին աջակցելու' ոլորտում էլ ավելի առաջ գնալու համար, եւ այստեղ կա այդ հիմքը: Մեր համագործակցությունը, իհարկե, շարունակվելու է, սակայն մի հարց կա, որում ես եւ բուհի ռեկտորը համակարծիք ենք. Հայաստանը պետք է պայքարի ծխախոտի դեմ: Ծխախոտի ինդուստրիան, որում մարդկանց առողջության հաշվին գումար են աշխատում, զարգացնում է շատ վատ ճանապարհներ, որոնցով հնարավորինս ընդլայնում է սպառողների քանակը: Նրանք թիրախավորում են երիտասարդներին, դարձնում նրանց ցկյանս ծխախոտի սպառողներ: Մեր երկրում նույնպես դեռ մեծ աշխատանք կա տանելու այս ուղղությամբ, Հայաստանում՝ նույնպես, հակառակ դեպքում ապագայում ոչ մի առողջապահության նախարարություն չի կարողանալու պայքարել ծխախոտի հետեւանքով առաջացած հիվանդությունների դեմ»,-ասաց Հորդանանի Արքայադուստրը՝ առաջարկելով մշակել ծխախոտի կանխարգելման ուղիներ:

 

Դինա Մայրեդը նույնպես քաղցկեղ հաղթահարած երեխայի մայր է. նրա որդին պայքարել է այս հիվանդության դեմ: Հայաստանում այցելելով հիվանդանոցներ, քաղցկեղի դեմ պայքարող կենտրոններ, տեսնելով ծնողներին, հաղորդակցվելով նրանց հետ ու աջակցելով՝ Հորդանանի արքայադուստրը նշեց, որ ամենակարեւորը ճիշտ վերաբերմունքն է իրավիճակի հանդեպ:

 

«Իհարկե, շատ դժվար է հատկապես առաջին վեց ամիսները, սակայն ամենակարեւորը գիտակցել ու հավատալ, որ սա դեռ չի նշանակում ավարտ: Այս ամենը ընկալելու հարցում կարեւոր են հարազատները, ընկերները, ընդհանրապես հասարակությունը: Բուժման նոր տեսակները դեռ առջեւում են, պետք է պարզապես դիմակայել եւ հիշել, որ թունելի վերջում միշտ լույս է»,-ասաց նա:

 

Անդրադառնալով Հայաստան-Հորդանան հարաբերություններին՝ Դինա Մայրեդն ընդգծեց, որ Հորդանանում ապրող հայերը երկրի մշակույթի մի մասն են, հպարտ է եւ ուրախ, որ Հորդանանում կա նմանատիպ հայ համայնք:

 

«Հայաստանը եւ Հորդանանը լավ բարեկամներ են: Հրաշալի հայկական համայնք ունենք, որ այնտեղ շուրջ հարյուր տարի է՝ ապրում է, ես հայ ընկերներ ունեմ, Հորդանանում կա հայկական ռեստորան, որը մատուցում է ֆանտաստիկ հայկական սնունդ, մեզ մոտ նաեւ փորձառու հայ ոսկերիչներ ունենք: Ես պարզապես չէի կարող Հայաստան այցելելու այս հնարավորությունը բաց թողնել»,-եզրափակեց Հորդանանի արքայադուստրը: