«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այն կարծիքին է, որ Արցախյան հարցի լուծումն այս ժամանակահատվածում հնարվոր չէ գտնել, քանի որ հակամարտությունը կարդինալ լուծման անհրաժեշտություն ունի, որն այս պահին չկա. «Ադրբեջանը մշտապես սրում է իրավիճակը՝ ցանկացած կարևոր իրադարձությունից առաջ, ինչին ականատես եղանք. արտգործնախարարների հանդիպումից ժամեր առաջ նորից հայ զինվոր սպանեցին: Ադրբեջանը մեզ հասկացնում է, որ Արցախն անկախ պետության կարգավիճակում չի ցանկանում տեսնել, բայց նաև մեզանից տարածքներ է պահանջում: Տեսեք՝ Հայաստանը կարող է գնալ որոշակի կոմպրոմիսների, բայց արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է դրան. ամբողջ խնդիրն Ադրբեջանի մեջ է»,-ԼՈւՐԵՐ.cօm -ի հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը: 

 

Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանի ղեկավարությունն, անձամբ՝ նախագահը, տարբեր աղբյուրներին հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է եղել Մադրիդյան սկուզբունքների հիման վրա ձևավորված փաստաթուղթ ստորագրելուն, բայց, փաստորեն, մենք պատրաստ ենք զիջման, իսկ Ադրբեջանը՝ ոչ, բա էլ ո՞ւր մնաց փոխզիջումը, նա ի՞նչ է զիջելու, մյուս կողմից՝ պետք է նշել, որ Ադրբեջանը ժամանակ է շահում, քանի որ նա հույս ունի, որ Հայաստանը ծնկի կգա. «Հայաստանը երբեք ծնկի չի գա, գուցե, իշխանություն փոխվի, այլ քաղաքական գործընթացներ ծավալվեն, բայց երբեք վերջին գնացողը լույսը չի հանգցնի ու գնա, որ ադրբեջանցիներն էլ գան և նստեղ էստեղ, մեկընդմիշտ թող հիշեն՝ նման բան երբեք չի լինի»: 


Արամ Կարապետյանը նշում է, որ Արցախյան հարցի լուծման հարցում Հայաստանին ո՛չ ռուսական կողմը, ո՛չ մյուս գերտերությունները չեն կարող պարտադրել զիջում. «Շատ-շատ՝ կարողանան Ապրիլյան պատերազմի նման մի բան հրահրել և պրովոկացիա անել: Եկեք հիշենք՝ ինչպես էին լռել այդ օրերին: Ռուսաստանը, երբ հասկացավ, որ հայը կանգնած է, նոր՝ սկսեց խոսել: Հիմա էլ նա ուզում է երևալ որպես սուպեր պետություն՝ մեկ մտնում է Սիրիա, մեկ ակտիվանում է Արցախյան հարցում, բայց փաստ է, որ Պուտինը 100 %-ով վստահ է և գիտի՝ եթե հայը ոչինչ չստանա, ոչ մի բան էլ չի տալու, հայերը 7000 տարվա ազգ են և առանց ստանալու, բան չեն  տա՝ անկախ նրանից, թե ով է երկրի նախագահը: Եթե Սերժ Սարգսյանն անգամ ցանկանա միակողմանի զիջման գնալ, ազգը դա չի անի, ռուսը դա գիտի և դրա համար էլ այլևս  պրովոկացիոն ճնշումների չի դիմում, կանգնել է»:


Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ աշխարհի գերտերությունների կողմից ստեղծված քաոսը կարող է ստեղծվել մեկ կետում և ընդգրկել այլ կետեր՝ ընդհուպ հասնելով Հայաստան, և, գուցե այդ ժամանակ Արցախյան հարցը վերջնական լուծում ստանա. «Թուրքիայի քաոսը նայեք, այդ քաոսն արդեն մեր սահմանին է, մյուս կողմից՝ Իրան, Իրաք, ԱՄՆ-ի ագրեսիվությունը Սիրիայում: Այնպես որ, գերտերությունների այս խաղը կարող է հասնել նաև մեզ և չի բացառվում, որ հակամարտության լուծումն այդ ժամանակ գտնենք»:


Աղավնի Սուքիասյան