Ադրբեջանն ու Թուրքիան մայիսի 1-5-ը անցկացնում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրավված են հրետանի, զրահատեխնիկա, ականանետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումներ:
ԼՈւՐԵՐ-com-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը նշեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ծավալված զորավարժությունը հերթական ակցիան է, որով Ադրբեջանը ցուցադրում է իր զորքի կարողությունը: «Պարտադիր չէ, որ զորավարժություններ լինեն, հայկական կողմը բոլոր դեպքերում պետք է իր զորքը պահի կազմ և պատրաստ վիճակում, և ավելին, մեզ այս պահին ավելորդ զգուշավորություն է անհրաժեշտ»:
Վահան Բադասյանը նշեց, որ կազմակերպված զորավարժությունների անվան տակ չի բացառվում, որ Ադրբեջանը զորք կուտակի հայկական սահմանի ողջ երկայնքով. «Հակառակորդի զորքի կուտակում մեր սահմանին չի բացառվում: Կարող են դիմել այդ քայլին՝ հարմար պահի ռազմական ագերսիա ցուցաբերելու համար: Բայց պետք է հավելեմ նաև, որ ես նրանց կողմից իրականացվող զորավարժություներին մեծ նշանակություն չեմ տալիս»:
Վահան Բադասյանն անդրադարձավ նաև օրեր առաջ Մոսկվայում կայացած Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպմանը՝ շեշտելով, որ Արցախի հակամարտության վերաբերյալ մինչ օրս կայացած որևէ հանդիպում հարցի լուծման հարցում առաջընթաց չի արձանագրել. «Կրակողի հետ չեն բանակցում, կրակողի վրա կրակում են և պետք չէ Ադրբեջանի հետ բանակցել այնքան ժամանակ, քանի դեռ նա հայ զինվոր է սպանում: Մյուս կողմից, բանակցություններն ի սկզբանե սխալ հիմքի վրա են դրվել՝ հաշվի առնելով Մադրիդյան փաստաթուղթը: Հիմա հայկական կողմին պարտադրում են ոչ թե զիջում, այլ հանձնում, հետևաբար, Ադրբեջանի հետ պետք չէ բանակցել, որովհետև հարցի լուծումն Ադրբեջանին այլ ձևով խելքի բերելն է»:
Աղավնի Սուքիասյան