««Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և «Հայազն» կուսակցությունները, որպես երկու քաղաքական միավորներ, մշակել են օրակարգ և հրավիրում են բոլոր այն մարդկանց, ովքեր համամիտ են առաջարկվող օրակարգային դրույթների հետ, միանալ մեզ: Մեր խնդիրն է՝ առաջիկայում գաղափարական հենքի վրա ստեղծված կուսակցությունների միավորմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման ծրագիր պլանավորել և լրացնել այն բացը, որն առկա է մեր քաղաքական դաշտում»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Վերջինիս համոզմամբ՝ ստեղծված նոր քաղաքական հարթակը բաց է համագործակցության համար այն ուժերի հետ, ովքեր կիսում են իրենց գաղափարախոսությունը և զերծ են ավելորդ պոպուլիզմից. «Որևէ արհեստական ուժի և դաշինքի հետ չենք պատրաստվում աշխատել: Մենք բաց ենք համագործակցության համար այն քաղաքական ուժերի հետ, ովքեր զբաղված չեն պոպուլիզմուվ և լալահառաչ կոչեր անելով: Ցանկացած ուժ, որը կիսում է մեր օրակարգը, կարող է դառնալ մեր գործընկերը»,-նշեց Նարեկ Գալստյանը՝ հավելելով, որ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և «Հայազն» կուսակցությունների կողմից ստեղծված քաղաքական այս նոր պլատֆորմն անհասանելի է լինելու քաղաքականությամբ զբաղվող այն ուժերի համար, ովքեր իրենց քաղաքական ամուլությամբ երկրում առաջացրել են քաղաքական վակուում:
Վերջինս նաև հավելեց, որ կուսակցությունների ընդհանուր մանիֆեստի հրապարակումից հետո հասարակությանը կներկայացնեն իրենց ծրագրերն ու քայլերի հաջորդականությունը. «Կլինի քաղաքական հայտարարություն, որի միջոցով հասարակությանը կներկայացնենք մեր քայլերի հաջորդականությունը»,-խոսքը եզրափակեց Նարեկ Գալստյանը:
Աղավնի Սուքիասյան