«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն էր իրականացնում Սարի թաղում: Ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը, հիշելով հուլիսյան իրադարձությունները, երբ այս թաղամասի տներից մեկում պատսպարվել էր լրագրողների հետ՝ բռնությունից խուսափելու համար, նշեց. «Ես հիշում եմ տանտիրոջը, ով տրամադրեց իր բնակարանը՝ հոգալով մեր անվտանգության մասին: Եթե նա չլիներ, մենք մարմնական տարբեր վնասվածքներ կստանայինք: Սակայն չեմ կարողանում գտնել տունը, քանի որ այդ օրը, երբ փախչում էինք, մութ գիշեր էր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե տանտիրոջը տեսնի՝ հաստատ կհիշի: 

 

Խոսելով թաղամասում առկա խնդիրների մասին, ավագանու թեկնածուն նշեց. «Հիմա փողոցներով շրջելիս տեսնում ենք՝ ինչ վիճակ է տիրում, այստեղ տրանսպորտի խնդիր ևս կա: Մենք այս ամենի ամենօրյա ականատեսն ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսպիսի իրավիճակ է տիրում մայրաքաղաքի տարբեր շրջաններում, որտեղ առկա են գրեթե նույնատիպ խնդիրներ:

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ միավորվելուն, Փոստանջյանը նշեց. «Մենք ունենք տարբեր ծրագրեր: «Երկիր Ծիրանի»-ն և ես գնում ենք գրավելու քաղաքապետարանը, մեծամասնություն ենք կազմելու և տապալելու ենք Հանրապետականին, իսկ ովքեր ցանկանում են մեզ միանալ՝ մենք մեծ սիրով կընդունենք նրանց»: