Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայում քննարկում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը:


Հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանի դաշնությունում իր պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի և Վալերի Պերմյակովի միջև փոխանակում կատարվի, մեր զրուցակիցը նշեց. «Նման խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում»:

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր տեղի ունեցած ասուլիսին անդրադառնալով Պերմյակովին ՌԴ-ին փոխանցելու հարցին, նշել էր. «Պաշտոնապես հայտարարել ենք. որևէ պայմանավորվածության մասին խոսք չկա: Ունենք դատավճիռ, աշխատանքներ են կատարվում՝ այդ դատավճիռն ի կատար ածելու ուղղությամբ: Որևէ այլ տվյալ մենք չունենք որևէ պայմանավորվածության մասին: Բանակցության մասին ներկայում որևէ տեղեկատվություն չկա»,-ասել է փոխնախարարը:

 

Հիշեցնենք՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև՝ յոթ օր անց մահացել էր: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Փախուստի դիմած զինծառայողին ռուս սահմանապահնե րը հայտնաբերել էին հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:


2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015 թվականի հունվարի 13-ից:


Սոնա Հարությունյան