«Մեր ընդդիմախոսները, կարծես թե,  մոռացել են՝ Երևանն ի՞նչ տեսք ուներ երեք տարի առաջ և այսօր: Մոռացել են նաև, որ տրանսպորտի և վերելակների խնդիրը երեք տարի առաջ էլ կար: Բայց մենք ունենք այդ խնդիրների լուծումները: Ուստի՝ կոչ եմ անում մայիսի 14-ին ձեր քվեն տաք այն թիմին, ով գիտի խնդիրների լուծումը: Դե, ուրեմն, ի գործ»,-այս մասին այսօր Դավիթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը: 

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ քաղաքապետարանը մերժեց ճապոնական ընկերության առաջարկը՝ Երևանում աղբի մշակման ուղղությամբ, Տարոն Մարգարյանը նշեց. «Առաջին անգամ եմ լսում, որ ճապոնական ընկերությունը եկել և ցանկացել է մեր աղբը մշակել: Նման բան չկա, բայց փոխարենը տեղեկացնում եմ, որ միջազգային մրցույթ է հայտարարվելու և հաղթող ընկերությունը Երևանում կկառուցի նոր աղբավայր, իսկ նախկին աղբավայրը կվերածվի կանաչ տարածքի»:

Տարոն Մարգարյանը հերքեց լրագրողի դիտարկումն այն մասին, որ իր քաղաքապետության տարիների ընթացքում ինքն առավել շատ ուշադրություն դարձրել է Երևանի Ավան թաղամասին: Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և վարչական շրջանների խնդիրներով քաղաքապետարանը զբաղվել է հավասարաչափ և առաջնային է եղել շրջանների խնդիրների դասակարգումը: