Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար պայքարը կարծես թեժանում է: Բանն այն է,որ երբ Կարեն Կարապետյանը որոշում կայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին Արմեն Ամիրյանով փոխարինելու մասին, առաջին հարցերից մեկը, որ առաջ եկավ, այն էր, թե ինչ է լինելու նախկին նախարարի հետ: Հիմնական տարբերակներից մեկը՝ Պողոսյանին անգործ չթողնելու, նրան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակելու տարբերակն էր դիտարկվում. հայտնի է՝ մեզանում նախարարներին, որպես կանոն, փորձում են անգործ չթողնել ու պաշտոնանկությունից հետո ջանում են նրանց սիրտն առնել:
Պարզվում է, սակայն, Հասմիկ Պողոսյանի պլանները՝ մխիթարվելու գոնե սույն պաշտոնով, կարող են հօդս ցնդել. վարչապետ Կարապետյանը, ասում են, որոշել է ինչ էլ որ լինի՝ այդ պաշտոնին նշանակել տալ ՀՀ կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանին, ով, այսպես ասած, վարչապետի մարդու համբավ ունի, ինչը նշանակում է, որ ականատես ենք դառնալու Բաղրամյան 26-ի ու վարչապետի միջև հերթական բախման՝ ճիշտ է՝ այս անգամ անհամեմատ ավելի փոքր հարցի շուրջ (Հայաստանում մշակույթն այն նշանակությունը չունի, որ հնարավոր մրցակցությունը լայնամասշտաբ բնույթ ստանա):
Հարցն այստեղ, սակայն, մեկ այլ խնդրի մեջ է. ակնհայտ է, որ այստեղ ոչ թե անձերի խնդիր է, այլ քաղաքական լուրջ հավակնությունների: Եթե կուզեք՝ սա Կարեն Կարապետյանի համար յուրատեսակ ստուգատես է՝ երկրի ներքին կյանքում առավել զգալի դերակատարում ունենալու առումով: Ճիշտ է՝ միգուցե ոմանք կարող են ասել, թե սա այն պաշտոնը չէ, որում հայտնված մարդը կարող է էականորեն ուժեղացնել Կարապետյանի դիրքերը ներքաղաքական կյանքում, բայց ակնհայտ է, որ սա, թերևս, յուրատեսակ «թասիբի» հարց է Կարապետյանի համար: Մեր երկրում մարդկանց պաշտոնների են նշանակում ոչ թե նրանց մասնագիտական ընդունակություններն ու փորձառությունը հաշվի առնելով, այլ բացառապես քաղաքական հաշվարկներից ելնելով:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ