Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել էր «Հայաստանի խաղողագործության միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանին և վերջինիս հետ համատեղ «քննարկվել են խաղողագործության միության և հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները' ոլորտի զարգացման և առկա խնդիրները համատեղ ջանքերով կարգավորելու նպատակով»:
Հետո Առաքելյանն ասել է, որ փորձելու են գտնել երկուստեք արդյունավետ լուծումներ և մթերողի, և խաղողագործի համար, իսկ վերջում ձեռնամուխ են եղել խաղողի մթերման գործընթացի կանոնակարգման, մթերման մինիմալ գնի սահմանման հարցի արծարծմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն օր օրի նոր անակնկալներ է մատուցում ինչպես իրեն վստահված ոլորտում, այնպես էլ մարդկանց, որոնք ակամա դառնում են նրա լսարանը: Նախարարության աշխատանքների արդյունավետության մակարդակը գյուղացիներին ևս որևէ հույս չի ներշնչում, որ Առաքելյանի խոսքը երբևէ կտրանսֆորմացվի իրական գործերի:
Նախարարությունը այնքան «լավ» է աշխատել, որ դա ֆիքսել են նույնիսկ մյուս գերատեսչությունները: Օրինակ, ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասում է, թե Հայաստանի բերքի վիճակագրությունը կարող էր ոչ ճիշտ հաշվարկվել: Այլ կերպ ասած ՝ թվեր են նկարվել, իսկ մեղավորները մինչ օրս հայտնի չեն: Եվ սա ընդհամենը մի քանիսն են՝ գյուղնախարարության աշխատանքի «արդյունավետության» օրինակների շարքում: Այս ամենից հետո Իգնատի Առաքելյանը փորձում է հանդես գալ իբրև ոլորտում եղանակ թելադրող, մինչդեռ մինչ օրս չի հաջողել անգամ մթերման գործընթացը կարգավորել: Իրականում, սովորույթի համաձայն, երբ գալիս է խոսքը գործով ապացուցելու պահը, Իգնատի Առաքելյանը կամ ուրանում է խոստումը, կամ ժամանակավորապես չքվում քցված հողի մշակներից:
Ստելլա Խաչատրյան