Հարկադիր կատարման ծառայությունը մայիսի 5-ին նշում է իր կազմավորման 19-րդ տարեդարձը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մայիսի 5-ը նշվում է նաև որպես Հարկադիր կատարողի օր: Այս կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հանդիսավոր ու տոնական միջոցառումների շարքը:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդլայնված կազմով խորհրդակցության մեկնարկից առաջ տեղի է ունեցել նորանշանակ 9 հարկադիր կատարողների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը շնորհավորել է ծառայության շարքերը համալրած աշխատակիցներին՝ ստանձնած պատասխանատու պաշտոնում նրանց մաղթելով հաջողություններ, եռանդ ու ոգևորություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները տված երդմանը համապատասխան։

Երդման արարողությանը հաջորդել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որից առաջ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդես է եկել շնորհավորական ուղերձով ու ծառայության բոլոր աշխատակիցներին մաղթել նորանոր ձեռքբերումներ:

Ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ծառայության թվով 97 աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների ու պարգևների:

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հարկադիր կատարման ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով պարգևատրվել է ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով «Անբասիր ծառայության համար» մեդալով են պարգևատրվել ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ու Արմավիրի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ալեքսանդր Համբարձումյանը:

Հարկադիր կատարման ծառայությունը կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ շարունակում է շնորհավորական գրություններ և ուղերձներ ստանալ ինչպես Ծառայության հայաստանյան, այնպես էլ միջազգային գործընկերներից: